Կիրանցի վանքի տարածքում  ծառահատումներն օրինական էին եւ հաշվառված էին անտառհատման տոմսերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Նա նշեց, որ բնապահպանության նախարարի հանձնարարությամբ Տավուշի մարզ մեկնած բնապահպանական պետական տեսչության խումբը, համագործակցելով մարզի տարածքային տեսուչների եւ «Հայանտառ ՊՈԱԿ-ի» աշխատակիցների հետ ուսումնասիրություններ է իրականացրել Կիրանցի վանքի շրջակայքում: Վանքի հարակից անտառածածկ հատվածը հանդիսանում է «Հայանտառի» տարածքը:

«Իսկ դրանից դուրս գալու ճանապարհին կար 7 հատատեղի: Տեղազննության ժամանակ տեսչության աշխատակիցների կողմից ապօրինի ծառահատումներ չեն հայտնաբերվել»,- նշեց Հասմիկ Մկրտչյանը` հավելելով, որ Կիրանցի վանքը գտնվում է Դիլիջանից 60 կմ հեռավորության վրա` Իջեւանում:

Հիշեցնենք, որ  «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկացրել էր, որ Կիրանցի վանքի շրջակայքում գտնվող անտառից մեկը մյուսի հետեւից դուրս եկող փայտով լի բեռնատարներ են նկատել` առանց համարանիշների: Դրանից հետո Բնապահպանության նախարարի հանձնարարությամբ տեսչական խումբ է ստեղծվել` «Չենք լռելու» նախաձեռնության ահազանգով: