Կանադան «Ռուսաստանի նման հարուստ է օգտակար հանածոների պաշարներով՝ այն տարբերությամբ, որ դա հուսալի դեմոկրատիա է»,- Մոնրեալ ժամանելուն պես ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կանադա եռօրյա այցի ընթացքում Շոլցը մտադիր է զգալիորեն ընդլայնել երկու երկրների համագործակցությունը էներգակիրներ ոլորտում, տեղեկացրել է DW-ն։

Կանցլերի խոսքով՝ ինքը մտադիր է Կանադայում համագործակցության նոր ոլորտներ բացել։ Բեռլինը եւ Օտտավան մտադիր են սերտորեն փոխգործակցել ջրածնային էներգետիկայի ստեղծման գործում։ Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ Գերմանիան Կանադայի հետ կապված է այնպիսի բարեկամական կապերով, որոնք, գուցե, Եվրամիության որեւէ այլ երկրի հետ չունի։ «Մենք ոչ միայն ընդհանուր արժեքներ, այլեւ աշխարհի նույն տեսլականն ունենք»,- ասել է նա։

Կանադայում Շոլցին ուղեկցող ՝Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկն իր հերթին հերքել է տեղեկությունները, թե Գերմանիային չի հաջողվում համաշխարհային շուկայում հեղուկացված գազի իրեն անհրաժեշտ ծավալներ գտնել, որպեսզի դրանցով փոխարինի Ռուսաստանից գազի մատակարարումները։ Գերմանիայի համար խնդիր է հեղուկացված բնական գազի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի բացակայությունը, նշել է Հաբեկը գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։ Ուստի,  գերմանական մերձափնյա հատվածում կառուցում են հեղուկացված գազի ընդունման տերմինալներ, իսկ գազն արդեն բավական քանակությամբ գնված է, ավելացրել է նախարարը։

Նա միաժամանակ խոստովանել է, որ գալիք ձմեռը, չնայած լցված գազապահեստարաններին, «շատ կրիտիկական» է լինելու՝ նշելով ռուսական մատակարարումների հետագա կրճատման սպառնալիքի մասին։ Ուստի, անհրաժեշտ է  ջանքեր գործադրել, որպեսզի 20 տոկոսով նվազեցվի գազի սպառումը, նշել է գերմանացի նախարարը։

Քաղաքական գործիչների հետ միասին Կանադայում է նաեւ բարձր մակարդակի գործարարների պատվիրակությունը։ Օգոստոսի 23-ին նախատեսված են բանակցություններ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Այցի ընթացքում  նախատեսվում է ստորագրել համաձայնագրեր ջրածնի արտադրության եւ տեղափոխման, Գերմանիա հեղուկացված բնական գազի մատակարարման, Կանադայում հանքանյութերի եւ մետաղների, մասնավորապես՝ կուտակիչների եւ մարտկոցների արտադրության համար անհրաժեշտ նիկելի, կոբալտի, լիթիումի եւ գրաֆիտի արդյունահանման ոլորտներում սերտ համագործակցության մասին։