ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանն այս օրերին շրջագայում է Հայաստանով։

Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է  Բյուրականի աստղադիտարան եւ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել  է մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի եւ գործունեության կարեւոր դրվագներ։ 

Նա այցելել է նաեւ Բյուրականի արվեստի ակադեմիա, որտեղ նրան դիմավորել են  ակադեմիայի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Համերգից հետո Աննա Հակոբյանը հանդիպել է մարզի գործարար կանանց  եւ կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Չրագործությամբ, զբոսաշրջային, հյուրատնային բիզնեսով զբաղվող կանայք վարչապետի տիկնոջն են ներկայացրել իրենց բիզնես գործունեությունը եւ արտադրանքը:

Երկօրյա այցի շրջանակներում Հակոբյանն այցելել է Տեղեր համայնքի Ս.Աստվածածին  վանք։ Վանահայր Տեր Մխիթար Ահարոնյանը, դիմավորելով  վարչապետի տիկնոջը, վերջինիս  ներկայացրել է վանքի պատմությունը, գավիթի եզակի ճարտապետական լուծումները։  Վանքը կառուցել է 1213թ.-ին իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը, ով հանգուցյալ ամուսնու պատվին 7 եկեղեցի է կառուցել Հայաստանում եւ Արցախում։ Վանքի  բակում շրջայց կատարելու ընթացքում վանահայրը ուրախությամբ հայտնել է, որ այժմ կառուցվում է եկեղեցու ջրահեռացման համակարգը՝  Աննա Հակոբյանին ներկայացնելով ընթացիկ աշխատանքները։

Տեր Մխիթարը, հրաժեշտ տալով Աննա Հակոբյանին  նշել է, որ ինչպես գյուղերում է ընդունված տան ամենալավ ու համեղ բարիքները հյուրասիրել իրենց հյուր եկածներին, հիմա ճիշտ այդպես էլ իրենք տիկին Հակոբյանին են փոխանցում իրենց ունեցած ամենալավը՝  աղոթք, շարական,  ջերմ բարի լույս։

Թալին համայնք կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանն այցելել է նաեւ Թալինի Ս. Կաթողիկե վանական համալիր։ Վանահայր Տեր Թադե քահանա Թախմազյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է համալիրի պատմությունը։ Կաթողիկե վանքը կառուցվել է 7-րդ դարում Ներսես Կամսարական իշխանի կողմից եւ ճարտարապետությունը բազիլիկ եւ գմբեթավոր եկեղեցիների սինթեզ է։

Նա այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը Հակոբյանին ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրեն Միքայելյանը ցուցադրել է նաեւ բակում տեղադրված խաչքարը, որի փորագրության աշխատանքներին մասնակցել են իրենց դպրոցի մոտ 100 սան։ Թալինում Աննա Հակոբյանի հաջորդ կանգառը «Նավակ» մանկական զարգացման կոնտրոնում էր։ Վերջինիս ղեկավար Անի Ասլանյանը վարչապետի տիկնոջը հայտնել է, որ 2020թ-ից գործող կենտրոն հաճախում են 6-15 տարեկան հիմնականում անապահով ընտանիքների եւ հատուկ կարիքներով շուրջ 120 երեխա։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի  «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Վերջինիս հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին եւ վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը  նշել է, որ 6 հեկտար տարածքով ջերմոցային տնտեսությունում աշխատում է 55 աշխատակից, իսկ  աճեցվող վարդերը  պահեստավորվում են եւ արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում զրուցել է  աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին:

Աննա Հակոբյանն այցելել է նաեւ Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Մարինե Թումանյանը տիկնոջը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունը։ Աննա Հակոբյանին ներկայացվել են Պռոշյանի կյանքի եւ գործունեության կարեւոր դրվագներ՝ շեշտելով, որ կանանց կրթությունը եղել է արձակագրի ուշադրության կենտրոնում, նա Թիֆլիսում հիմնադրել է Գայանյան օրիորդաց դպրոցը։

Վարչապետի տիկնոջ երկրորդ կանգառը Արագածոտնի մարզում  Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցում էր։  Եկեղեցում նրան դիմավորել է հոգեւոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, ով ներկայացրել է եկեղեցու պատմությունը։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ նրան տիկինը  Աննա Հակոբյանին նվիրել են Կարմրավոր Ս. Աստվածածին եկեղեցու յուղաներկ նկար։