Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, որ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլի դիվանագիտական առաքելությունը չի երկարաձգվել հայ աշխատակցուհու հետ ամուսնության պատճառով:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանում Բրիտանական դեսպանատան  Հաղորդակցության գծով ղեկավար, Չարլզ Լոնսդեյլի կինը` Մարիա Սադոյանը: «Դեսպանի առաքելությունը տեւում է կամ երեք տարի, կամ չորս տարի: Անցյալ տարի նա երկարաձգել է իր առաքելությունը` 4 մաքսիմալ տարի Հայաստանում մնալու համար, այնպես որ բացարձակապես այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց նա:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը իր դիվանագիտական առաքելությունը կավարտի դեկտեմբերին, իսկ հունվարին Հայաստան կժամանեն նոր դեսպանները` ամուսիններ Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Քեթրին Ջեյն Լիչը: Չարլզ Լոնսդեյլն առայժմ չգիտի, թե որ երկրում կշարունակի իր դիվանագիտական գործունեությունը: Կինը` Մարիա Սադոյանը, նշեց, որ դեսպանի հետ միասին կգնա այն երկիր, որտեղ պետք է աշխատի դեսպան ամուսինը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը NEWS.am-ի խնդրանքով անդրադարձավ լոնդոնյան Daily Mail պարբերականի`օրերս հրապարակած նյութին, որտեղ նշվում է, որ Մեծ Բրիտանիան, դեսպան նշանակելով ամուսինների, ոչ բավարար լուրջ վերաբերմունք է դրսեւորում Հայաստանի նկատմամբ: Դեսպանատունը, մեկնաբանելով այս հրապարակումը, ներկայացրեց ՄԹ Արտգործնախարարության խոսնակի պաշտոնական պատասխանը:

«Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում աշխատում են բազմաթիվ շնորհալի ու փորձառու դիվանագետներ եւ նրանցից ոմանք ամուսնական զույգեր են: ԱԳՆ-ն տարիներ շարունակ նշանակել է ամուսնացած դիվանագետներին դեսպանների պաշտոնում եւ գտնում է համատեղ նշանակման  պրակտիկան շատ հաջողված:

Համատեղ նշանակումները աշխատելու ժամանակակից ձեւ է, որն օգնում է ԱԳՆ-ին ունենալ լավագույն  դիվանագիտական ծառայությունը, եւ այս դեպքում թույլ տալիս Հայաստանին ունենալ երկու գերազանց դեսպաններ, որոնք լավագույնս կաշխատեն շարունակել մեր երկրների միջեւ բարեկամական ու դրական հարաբերությունները»,- NEWS.am-ին հայտնեցին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:

Հիշեցնենք, որ Daily Mail-ը գրել էր, որ Հայաստանից բացի միակ երկիրը, որտեղ Բրիտանիան նույնպես ներկայացված է ընտանեկական զույգով` Զամբիան է:

«Հայաստանի քաղաքական գործիչները բրիտանական դեսպանությունն արդեն անվանել են «սիրո դեսպանություն»»,- գրել է պարբերականը` հավելելով, որ «սիրո դեսպանություն» անվանումն ի հայտ եկավ, երբ ներկա դեսպան Չարլզ Լոնսդեյլն ամուսնացավ հայ աշխատակցուհիներից մեկի հետ:

Ի դեպ, նշենք, որ Չառլզ Լոնսդեյլն ու Մարիա Սադոյանը նախորդ շաբաթ միջազգային խմբի հետ բարձրացել են Արարատի գագաթը: Ավելի վաղ նրանք բարձրացել էին նաեւ այլ լեռնագագագաթներ եւս: