Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (PLA) Արեւելյան գոտու ստորաբաժանումները բարձր պատրաստվածության են բերվել, քանի որ ամերիկյան հածանավերը անցնում են Թայվանի նեղուցով։ Բանակը վերահսկում է նավերի անցումը նեղուցով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով PLA մարտական հրամանատարության արեւելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Յինին։
«PLA մարտական հրամանատարության արեւելյան գոտին իրականացրել է ամերիկյան հածանավերի ուղեկցում եւ լիակատար վերահսկողություն նրանց գործունեության նկատմամբ։ Հրամանատարական ստորաբաժանումները գտնվում են բարձր մարտական պատրաստության վիճակում՝ ցանկացած սադրանք ժամանակին կասեցնելու նպատակով»,- ասված է WeChat սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ։
Նախօրեին Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ սկսել են անցնել Թայվանի նեղուցով, ինչը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի ֆոնին Չինաստանի կողմից իրականացված զորավարժություններից հետո առաջին դեպքն էր։





























