Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է թուրքական կողմին՝ Սիրիայից Ռուսաստան «Սպարտա II» նավի՝ Բոսֆորի նեղուցով անցնելու կապակցությամբ։ Այս մասին ասվում է նախարարության՝ Բոսֆորի նեղուցով Sparta II նավի անցման վերաբերյալ ԱԳՆ կայքում տեղադրված մեկնաբանություններում, փոխանցում է «ՈւՆԻԱՆ»-ը։

Նշվում է, որ այսօր՝ օգոստոսի 29-ին, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Յագմուրա Ահմեդ Գյուլդերեն։

«Փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին Թուրքիայի դեսպանին հայտնել է ուկրաինական կողմի մտահոգությունը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից վարձակալված նավով Բոսֆորով Սիրիայից Ռուսաստան «Ս-300» հրթիռային համակարգերի տեղափոխման վերաբերյալ առկա տեղեկատվության կապակցությամբ»,- ասվում է զեկույցում։

Այդպես, Թուրքիայի դեսպանատանն Ուկրաինայի ԱԳՆ-ից նոտա է փոխանցվել բարձրացված հարցի վերաբերյալ։

Փոխնախարարը Թուրքիայի դեսպանին հայտնել է, որ, 1936 թ. հուլիսի 20-ի Նեղուցների մասին կոնվենցիայի դրույթների համաձայն, խնդրո առարկա նավը սույն Կոնվենցիայի նպատակների համար ռազմանավ սահմանման մեջ է մտնում:

«Նիկոլայ Տոչիցկին խնդրել է թուրքական կողմին պաշտոնական տեղեկատվություն տրամադրել «Սպարտա II» նավով Բոսֆորի միջով տեղափոխվող բեռների, ինչպես նաեւ Թուրքիայի ձեռնարկած միջոցների մասին՝ Կոնվենցիայի դրույթները պահպանելու եւ ռուս-ուկրաինական պատերազմի հետագա սրումը կանխելու համար»,- նշել են նախարարությունում։

Բացի այդ, Տոչիցկին հույս է հայտնել, որ թուրքական կողմը հաստատակամորեն հավատարիմ կմնա ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Սեւ ծովի նեղուցները ռուսական ռազմանավերի համար փակելու փետրվարի 28-ի իր որոշմանը։