Լեհաստանն ու Ուկրաինան մտադիր են Ուկրաինայից Գդանսկի նավահանգիստ բուսական յուղերի փոխադրման տրանսսահմանային խողովակաշարի կառուցման համատեղ նախագիծ մշակել, հայտնում է Polskoye Radio-ն՝ վկայակոչելով Լեհաստանի վարչապետի գրասենյակը։
Երկու երկրները կձեւավորեն աշխատանքային խումբ, որը կներկայացնի նախագծի տարբերակները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նավահանգստային բեռնափոխադրման տերմինալ, որն ի սկզբանե կտեղակայվի Գդանսկի նավահանգստում։
Ըստ գրասենյակի, կառավարությունը համաձայնել է այս նախագծի զարգացման հարցով փոխըմբռնման հուշագիր կնքել։
«Հուշագրի իրականացումը կնպաստի ուկրաինական արտահանման մասնակի ապաշրջափակմանը եւ պարենային անվտանգության բարձրացմանը զարգացող երկրներում, որոնց սով է սպառնում։ Ուստի դա պետք է նվազեցնի միգրացիոն ճնշումը Եվրոպայի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։





























