Ջոն Գալյանոյի պաշտոնանկ անելուց հետո Christian Dior նորաձեւության տան տնօրենի պաշտոնը կարող է զբաղեցնել 48-ամյա ամերիկացի հրեա Մարկ Ջեյքոբսը, ով Marc Jacobs ընկերության գլխավոր դիզայներն է ու Louis Vuitton ֆրանսիական տան ստեղծագործական տնօրենը, գրում է ԱՄՆ-ում հրապարակվող Women`s wear daily թերթը:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ Ջոն Գալյանոն հեռացվել էր պաշտոնից հասարակական վայրում կազմակերպած դեբոշի, ինչպես նաեւ հակասեմականության արտահայտությունների եւ ռասայական անհանդուրժողականության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, մոդելյերը ձերբակալվել էր փետրվարի 24-ին La Perle սրճարանում Փարիզի Մարե թաղամասում: Նրա դեմ ցուցմունք էին տվել, որ հակասեմական արտահայտություններ է արել եւ սեր է խոստովանել Հիտլերին: «Christian Dior» ընկերությունը խզել էր պայմանագիրը Գալյանոյի հետ:




























