Նավթի գները 2023 թվականին հավանաբար կբարձրանան եւ կհասնեն 125 դոլարի մեկ բարելի դիմաց՝ չնայած ռուսական նավթի գների վերին սահման մտցնելու G7-ի վերջին համաձայնագրին, գրում է Business Insider-ը՝ հղում անելով Goldman Sachs-ին։

Ցանկացած գնային շեմ կլինի «տեսականորեն անկումային, իսկ գործնականում աճող» նավթի գների համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Մոսկվան կարող է արձագանքել G7-ի երկրներ արտահանման նվազեցմամբ:

«Բնական գազի շուկայում ձեռնարկված գործողություններին համահունչ՝ Ռուսաստանը կարող է պատասխան միջոցներ կիրառել՝ անջատելով G7-ի գնորդներին եւ դադարեցնելով արդյունահանումը, դրանով իսկ բարձրացնելով համաշխարհային գներն ու սեփական եկամուտները»,- ասել է ռազմավարների թիմը՝ Goldman Sachs-ի էներգետիկ հետազոտությունների բաժնի ղեկավար Դամիեն Կուրվալինի գլխավորությամբ:

G7-ը, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, հայտարարել են, որ մինչեւ դեկտեմբերի 5-ը ռուսական նավթի գնի սահմանափակում կմտցնեն:

Ֆինանսների նախարարները հույս ունեն, որ սահմանափակումները կկրճատեն հում նավթի արտահանումից Ռուսաստանի եկամուտները՝ առանց արեւմտյան երկրներին անջատելու իրենց էներգիայի հիմնական աղբյուրից, քանի որ վառելիքի գները շարունակում են աճել:

Սակայն Goldman-ը նախազգուշացրել է, որ գների ցանկացած սահմանաչափ գործնականում այլ կերպ կաշխատի, քանի որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի պատժամիջոցներով:

Ռուսաստանն արդեն հետ է մղել արեւմտյան պատժամիջոցները՝ գլխիվայր շուռ տալով բնական գազի եվրոպական շուկաները։ Նա դադարեցրել է գազի հոսքը առանցքային խողովակաշարերով, ինչպիսին է «Հյուսիսային հոսք 1»-ը, ինչի հետեւանքով բազային գները հունիսից աճել են ավելի քան 200 տոկոսով:

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը կդադարեցնի նավթի արտահանումը ցանկացած երկիր, որը կփորձի գները սահմանափակել: «Այն երկրները, որոնք միանում են գների այս պոտենցիալ վերին սահմանին, այլեւս չեն լինի ռուսական նավթ ստացողների թվում»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք պարզապես չենք համագործակցի նրանց հետ նավթի հարցում նման ոչ շուկայական սկզբունքներով»։

Երկուշաբթի Brent տեսակի նավթի գինն աճել է 2,70 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց ավելի քան 95,50 դոլարի, մինչդեռ WTI-ն թանկացել է 2,51 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց ավելի քան 89 դոլարի: