ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, ՊՆ զորամասերից մեկի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի եւ զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, NEWS.am-ին հայտնեց 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողի մայրը։

Նա դժգոհեց, որ դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են տարբեր պատճառաբանություններով։

«Էշի ականջում քնած են։ Գործը տեղափոխել են Արմավիրի մարզ, բայց մինչեւ հիմա տեղյակ չենք՝ կոնկրետ որտեղ է կայանալու դատական նիստը, ում է մակագրվել գործը, երբ է նիստը։ Մենք միջնորդություն էինք ներկայացրել, որ գործը տեղափոխեն Արմավիրի մարզ, հետո նիստը երկու անգամ հետաձգեցին, հետո որոշեցին, իրենք իրենց նիստն արեցին ու տեղափոխեցին գործն Արմավիրի մարզ։ Բա էս 10 օր ա տեղափոխվել է, բա չասե՞ն որտեղ է լինելու նիստերը։ Արդեն 2 տարի է՝ տեղաշարժ չկա, էնքան են հրահրելու այսպես, որ ծնողները հելնեն մի վնաս տան Մակարյանին, տանեն ծնողներին դատեն»,- նշեց անհետ կորած զինծառայողի մայրը։

Զինծառայողի մայրը դժգոհեց, որ 44-օրյա պատերազմին տեղի ունեցած դեպքերի տարբեր դրվագներով մի շարք բարձրաստիճան զինվորականների մեղադրանքներ են առաջադրում, ապա կալանավորում, սակայն Անդրանիկ Մակարյանը չի կալանավորվել. «Մակարյանն իր համար ֆռֆռում է։  Բոլոր մեղավոր զինվորականներին կալանավորում են, բայց Մակարյանի պեսը նստած է Նիկոլի կողքին, ո՞վ պիտի իրեն կալանավորի։ Միայն ինքն է Նիկոլի կողքը, դրա համար էլ տաք-տաք նստած է»։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, գեներալ Մակարյանը, որը Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել, նահանջի հրաման է տվել, իսկ ինքը վերադարձել է Կապան։ Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Մակարյանին առաջադրված է անգործություն ցուցաբերելու մեղադրանք. նրան սպառնում է ազատազրկում՝ 7-13 տարի ժամկետով։

Նշենք, որ ծնողները ԴՆԹ գենետիկ փորձաքննության պատասխաններ ունեն Առողջապահության նախարարությունից, որոնք նույնականացվել են Կովսականից դուրս բերված մասունքների հետ, սակայն արդյունքներին շատ ծնողներ չեն հավատում։