ԵՄ-ն կաջակցի Վրաստանին նրա եվրոպական ճանապարհին։ Այս մասին Բրյուսելում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Ժամանակին հանդիպում վարչապետ Ղարիբաշվիլիի հետ՝ ԵՄ-Վրաստան Ասոցացման խորհրդից առաջ։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանն առաջ գնա հավակնոտ բարեփոխումներով։ ԵՄ-ն կաջակցի Վրաստանին նրա եվրոպական ճանապարհին»,- գրել է Բորելը։

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին եւ Բորելը քննարկել են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հեռանկարները եւ այն քայլերը, որոնք անհրաժեշտ են թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։

Վարչապետի խոսքով՝ եվրոպական հեռանկարը, որը երկիրը ստացել է հունիսին, «ուժեղ մոտիվացիա է Վրաստանի համար եւ միեւնույն ժամանակ հսկայական պատասխանատվություն»։ Նա նշել է, որ Վրաստանում առկա քաղաքական բեւեռացումը լուրջ մարտահրավեր է երկրի համար, եւ այդ հարցը պետք է լուծել։ Հենց այս պատճառով է, որ իշխանությունը ջանքեր չի գործադրում ներկայիս քաղաքական վիճակը բարելավելու համար։ Սակայն, ըստ վարչապետի, գործընթացում անհրաժեշտ է ներգրավել նաեւ ընդդիմադիր կուսակցություններին։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանն անհապաղ արձագանքել է Եվրախորհրդի որոշմանը եւ ԵՄ 12 առաջնահերթությունների իրականացման գործողությունների ծրագիր է ներկայացրել։

Միաժամանակ նա նշել է, որ Վրաստանը չի կարողանա հաջողության հասնել բարեփոխումների լայնածավալ ծրագրի իրականացման գործընթացում՝ առանց ԵՄ-ի ուժեղ աջակցության եւ օգնության։ Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ քանի որ Վրաստանը դարձել է ԵՄ ընդլայնման քաղաքականության մաս, Եվրամիությանն անդամակցելու գործընթացում գտնվող երկրներին հասանելի ֆինանսական գործիքը կտարածվի Վրաստանի վրա, ինչը ավելի շատ հնարավորություններ կստեղծի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության համար։