Հայ հանրության լայն շրջանակներին իր «Ճկույթիկ» եւ այլ երգերով հայտնի ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը համերգներով հանդես կգա Հայաստանի մարզերում: Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Սփյուռքի նախարարությունը կազմակերպել է նրա համերգները օգոստոսի 25-ին` Աղվերանում, 27-ին` Բերդում, 28-ին` Գավառում, 30-ին` Վեդիում, 31-ին` Հրազդանում: Իսկ թե ինչու է նա երգելու հենց մարզերում, երգիչը  այսօր` օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատճառաբանեց. «Ուզեցի, որ Երեւանեն դուրս ըլլա, որովհետեւ Երեւանեն դուրս ժողովուրդը զրկված է համերգներից: Ես շատ երջանիկ եմ փոքրիկներու համար երգելուն»,- ասաց Մարթեն Յորգանցը: Նրա խոսքով` իր երգերը շատ պարզ են, փոքրիկների համար են եւ ինքը շարունակում է երգել, քանի ապրում է: Հայաստանում կայանալիք համերգներին նա երգելու է միմիայն հայերեն, քանի որ կարծում է, որ  Հայաստանի մեջ պետք է հայերեն երգել. «Հայտնի չէ` ինչ պիտի ըլլա, մենք կսկսինք համերգը, փոքրիկները կփոխին դա, այնպես որ surprise է»,- ասաց Մարթեն Յորգանցը:

Նա նաեւ մեծերի համար է երգում, 24 ձայնասկավառակ ունի` նախատեսված մեծերի համար: «Այն ժամանակվա ճկույթիկները մեծացել են, այս ժամանակվա ճկույթիկները կան, ես շատ երջանիկ եմ Հայաստանի մեջ»,- ասաց երգիչը` նշելով, որ փոքրիկները երբեք չեն փոխվում:

Նշենք, որ Մարթեն Յորգանցը ծնվել է Ստամբուլում, ավարտել է Մխիթարյան վարժարանը. «Այսինքն` շատ չեմ ավարտած, որ երգը կմտնի մարդու խելքի, մտքի մեջ, դասերը քիչ մը հետ կմնան»,- խոստովանեց նա: Մարթեն Յորգանցը 99 բարեգործական համերգներով հանդես է եկել  հայաշատ համայնքներում: Նա երգում է մոտ տասը լեզուներով` հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն:  Այժմ նա ապրում է Ֆրանսիայում, որտեղ փոքր ռեստորան ունի եւ այնտեղ ամեն երեկո երգում է տարբեր ազգությունների համար: Սփյուռքի նախարարությունը այսօրվա հանդիպմանն երգչին պատվոգիր հանձնեց հայապահապանության գործում ունեցած ավանդի համար: