Թվային տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ այսօր այլընտրանք չունի։ Եթե ուզում ենք ունենալ Հայաստանում զարգացած և մրցունակ տնտեսություն, և մեր արտադրանքն արտահանել աշխարհի տարբեր շուկաներ, ապա առանց ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների դա անհնար է։ Համաշխարհային տեխնոլոգիական առաջատար, ձեռնարկությունների կիրառական ծրագրերի աշխարհում խոշորագույն մատակարար SAP ընկերության և ֆինանսական ծառայությունների ծրագրային լուծումների մատակարար SAP Fioneer ընկերության ղեկավարների հետ համագործակցության պայմանագիր ստորագրելու ժամանակ ասաց Revytech ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Սիմոնյանը։

Նա նշեց, որ մեկ տարի առաջ հիմնադրված Revytech հայկական ընկերության նպատակն է դառնալ Հայաստանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը, ծանրակշիռ դերակատարում ունենալով նաև տեխնոլոգիաների համաշխարհային շուկայում։ Եվ այդ ճանապարհին իրենք ունեն հզոր գործընկերներ՝ ի դեմս SAP-ի և SAP Fioneer-ի։

Նա տեղեկացրեց, որ այժմ Հայաստանում է գտնվում SAP-ի ներկայացուցչական պատվիրակությունը՝ մեր երկրի թվային փոխակերպման գործընթացին ծանոթանալու և Հայաստանի թվային օրակարգի առաջխաղացման ու տնտեսական զարգացման մեջ իրենց հնարավոր ներդրումը գնահատելու համար։

«Սա պատմական պահ է մեր ընկերության համար։ Այս համագործակցությունն իր բնույթով մեզ համար բացառիկ է։ Մենք Հայաստանի տնտեսության մեջ կներդնենք առաջատար տեխնոլոգիաներ, որոնք հիմնված են ռոբոտացման միջոցով գործընթացների ավտոմատացման, տվյալների վերլուծության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլ տեխնոլոգիաների վրա: Ինչպես նաև մենք հնարավորություն ենք ստանում մեր գործընկերների միջոցով, որոնք ներկայացված են են 190-ից ավել երկրներում, մեր մշակումներն արտահանել տարբեր շուկաներ»,- ընդգծեց նա։

SAP CEE Multicountries կլաստերի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոն հույս հայտնեց, որ Revytech-ն իր պրոֆեսիոնալիզմի և փորձի, ինչպես նաև SAP-ի հետ գործընկերության շնորհիվ կկարողանա օգնել հայաստանյան շատ ընկերություններին թվային էկոնոմիկային անցնելու և համաշխարհային շուկայում ավելի մրցունակ դառնալու գործում։ Նա տեղեկացրեց, որ SAP-ը հայաստանյան շուկայում աշխատում է արդեն 10 տարուց ավելի և այսօր նա Հայաստանի շուկան համարում է առավել հեռանկարային, քանի որ հայկական ձեռնարկությունները բաց են և պատրաստ են նորարարական լուծումների։ «Այսօր թվային լուծումները անհրաժեշտ պայման են ձեռնարկությունների ավելի արագ զարգացման և մրցունակության համար»,- ասաց նա։

SAP Fioneer ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Դիրկ Կրուսը հայտնեց, որ SAP-ի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան Հայաստանի բանկային ոլորտի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների և կառավարության անդամների հետ և ակնկալում են արդյունավետ համագործակցություն բանկային և ձեռնարկատիրական ծրագրային ապահովման գործում։

Լրագրողների հետ զրույցում Դիրկ Կրուսը տեղեկացրեց, որ SAP Fioneer-ն առաջարկում է միջազգային բանկինգի ամպային լուծումներ, ինչի համար իրենց անհրաժեշտ են տեղական գործընկերներ, որոնք ծանոթ են տեղական շուկայի կարգավորումներին և օրենսդրությանը։ Եվ այդ դերը ստանձնել է Revytech ընկերությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ ձեռնարկությունների և բանկային համակարգի թվայնացումը Հայաստանում կբերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ «Մեր փորձից ելնելով, հատկապես վճարային համակարգերի ներդրումը տնտեսության բավականին լուրջ մղող ուժ է, հատկապես փոքր և միջին ձեռնարկությունների համար»,- նշեց նա։

Ալեքսանդր Մետեչկոն նշեց, որ իրենց համար շատ կարևոր է Հայաստանի տնտեսության թվայնացման մաս լինելը։ «Մենք հպարտ ենք, որ կարող ենք Revytech ընկերության հետ միասին լինել այդ ռազմավարության մասը և օգնել դրա իրագործմանը»,- ասաց նա։

Տիգրան Սիմոնյանը հավելեց, որ SAP-ի հետ համագործակցությունը լայն հնարավորություններ է տալիս, քանի որ իրենք ունեն առաջատար տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են Եվրոպայի, Ամերիկայի և այլ շուկաներում, բայց և Հայաստանն էլ իր կողմից կարող է առաջարկել նորարարական լուծումներ, որոնք SAP-ի օգնությամբ կարող են դուրս բերվել համաշխարհային շուկա։

Նա նշեց, որ Revytech-ի թիրախը միայն բանկերը չեն։ «Մենք ունենք կոնկրետ նախագծեր, որոնք ուղղված են ֆինանսական հատվածի վերափոխմանը, դա ՓՄՁ-երի ամպային համակարգ է, որը հնարավորություն կտա ՓՄՁ-ներին առանց որևէ ՏՏ ենթակառուցվածքի, ուղղակի գրանցումով ակտիվացնել իրենց բիզնեսի կառավարման միջավայրը, ինչպես նաև հարաբերվել ֆինանսական համակարգի հետ։ Սա իրականում բավականին խոշոր ներդրումային նախագիծ է», – ասաց նա։

Հայաստան այցի շրջանակում SAP, SAP Fioneer ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչներն այցելել են ԹՈՒՄՈ կենտրոն, հանդիպումներ են ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի, ԲՏԱ նախարարության և մի շարք այլ նախարությունների և պետական  կառավարման մարմինների հետ։ Այցի ընթացքում Հայաստանի բանկերին և ֆինանսական կառույցներին ներկայացվել է նաև SAP Fioneer, SAP և REVYTECH ընկերությունների կողմից մշակված ամպային նորարարական հարթակը` CLaaS platform-ը (Corporate landscape as a service նոր բիզնես մոդել), վերջինիս առավելություններն ու հնարավորություները