Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գրասենյակը կոշտ հակադարձել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության հայտարարությանը:
«Անդրադառնալով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տարածած հաղորդագրությանը եւ ելնելով հասուն հանրային բանավեճի շահերից՝ հնարավորինս կանտեսենք այդ հաղորդագրության մեջ նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիան ու խորհրդային որոշ առաջնորդներին բնորոշ դատարկ որակումները:
Միեւնույն ժամանակ փաստենք, որ արհեստավարժության կոչերով հանդես եկողները կամ ընդամենը փորձում են հասարակությանը մոլորեցնել պարզամիտ հնարքներով, կամ իսկապես տեղյակ չեն, որ «մաթեմատիկա» հասկացությունը բաղկացած է երկրաչափությունից, մաթեմատիկական անալիզից, ինչպես նաեւ հանրահաշվից»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
Ըստ պաշտպանի, «կրթության եւ գիտության նախարարությանն է ուղարկվել իրավախախտում հայտնաբերելու վերաբերյալ որոշում, որտեղ շատ հստակ ներկայացվել են նախարարության կողմից կատարված իրավախախտման վերաբերյալ մանրամասները, դեպքի հանգամանքները եւ իրավական հիմնավորումները: Այդ որոշումից որպես սեղմագիր հանրությանն է ներկայացվել իրավախախտման համառոտ նկարագիրը:
Հանրությանն ավելորդ չծանրաբեռնելով այն հանգամանքով, թե մրցույթը հանրահաշվի, երկրաչափության, թե ընդհանուր մաթեմատիկայի դասագրքի վերաբերյալ է՝ մամլո հաղորդագրության մեջ նշվել է «մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքի» մասին: Հատուկ չի մասնավորեցվել, որ շահերի բախում ունեցող մրցութային հանձնաժողովի անդամը եղել է հաղթած գրքի խմբագիրը, այլ նշվել է «հանձնաժողովի անդամի գիրքը»: Համառոտ հաղորդագրությունը նպատակ է ունեցել հանրությանը բացառապես տեղեկացնել սխալ անցկացված մրցույթի, շահերի բախման եւ նախարարության ոչ իրավաչափ գործողությունների մասին:
Մարդու իրավունքի խախտման բուն դեպքի մասին մտահոգվելու եւ սեփական համակարգային լուրջ խնդիրները լուծելու կարողություն դրսեւորելու փոխարեն, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը փորձում է էժան որակումներով եւ խիստ պաշտպանական նախահարձակմամբ վնասել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, ինչպես արդեն իսկ վնասել է այդ ինստիտուտին դիմած քաղաքացու իրավունքի իրացմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Որպես հետգրություն ՄԻՊ-ը արձանագրում է.
«Քննարկվող իրավախախտման դեպքով մեջբերենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի օգոստոսի 17-ի թիվ 01/07-1/9078-11 գրությունից. «...մրցույթի կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը ներկայումս հստակ կանոնակարգված չեն, եւ մինչեւ հաջորդ մրցույթ անցկացնելը կմշակվի համապատասխան ընթացակարգ, որով կնախատեսվեն հանձնաժողովների անդամներին ներկայացվող պահանջները:» Սեփական սխալները պետք է կարողանալ ընդունել ոչ միայն պաշտոնական գրություններում, այլեւ հրապարակայնորեն»:




























