Լրատվամիջոցներովտարածվող տեղեկությունները, թե Հայ ազգային կոնգրեսում նկատելիորեն ավելացել է քծնանքի բաժինը, որ յուրաքանչյուրն ուզում է նրան ավելի մոտ կանգնել, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքից տարբերվող կարծիքներ ավելի ու ավելի հազվադեպ են հնչում, իրականությանը չի համապատասխանում, դրանք անհիմն խոսակցություններ են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։«Այն, ինչ չկա ՀԱԿ-ում եւ ինչի մասին մեզ մոտ չգիտեն, հանկարծ հայտնի է դառնում լրատվամիջոցներին։
Իրականում քծնանքի մասին խոսելն ավելորդ է, մեր հարաբերությունները կառուցված են փոխադարձ հարգանքի վրա։ Որեւէ մեկը խնդիր չունի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ավելի մոտ կանգնելու, քան մյուսը։ Ես, օրինակ, կարող է նրան մեկ ամիս չայցելեմ, բայց Հնչակյան կուսակցությունը շատ մոտ է կանգնած Լեւոն Տեր-Պետրոսյանին։
Այնպես որ, մեր դերակատարությունը շարժման մեջ պայմանավորված չէ նրան մոտիկ կանգնած-չկանգնած լինելով»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը։Նշենք, որ «Հրապարակ»-ը օգոստոսի 27-ի իր հրապարակումներից մեկում գրել էր. «Հայ ազգային կոնգրեսին մոտ կանգնած թերթի աղբյուրները պատմում են, որ վերջին շրջանում յուրօրինակ մետամորֆոզներ են տեղի ունենում արմատական ընդդիմության շարքերում:
Դրանք անմիջականորեն հիշեցնում են իշխանության ներսում տեղի ունեցող պրոցեսները: «Նախ, թեժ պայքար է գնում Լեւոն Տեր-Պետրոսյանին ավելի մերձ լինելու, նրա ուշադրությունը գրավելու, նրա համակրանքը շահելու համար:Եվ ոմանք առավել անընդունելի են համարում, որ վերջին շրջանում դա նկատվում է նաեւ երիտասարդների շրջանում: Հետո, նկատելիորեն ավելացել է քծնանքի բաժինը: հատկապես, սեղանների շուրջ է դա նկատվում: Ասում են` սեղան նստելուց առաջ մոտ մի ժամ կռիվ է գնում, թե ով որտեղ է նստելու:
Բնականաբար` կռիվը Տեր-Պետրոսյանին մոտ նստելու համար է: Ավանդական հայկական սեղաններ չսիրող, կենացների նկատմամբ ատելություն ունեցող Տեր-Պետրոսյանը սկսել է ներողամտորեն վերաբերվել իր հասցեին ասվող դիֆերամբներին:
Եթե այդ շրջանակներում ժամանակին ծաղրում էին «թագավորի» կենացը խմող ծառուկյանականներին, ապա կոնգրեսականներն են սկսել Լեւոն Տեր-Պետրոսյանին «թագավոր» անվանել եւ մեծարանքներ շռայլել»,- գրել էր թերթը:




























