Տավուշի մարզի հեռավոր սահմանային գյուղերի բնակիչները դժգոհում են սոցիալ- տնտեսական դրությունից, կառավարության անհեռանկարային հարկային քաղաքականությունից:

Նրանք բողոքում են, որ Ադրբեջանին հարակից գյուղերը դատարկվում է, իսկ կառավարությունը ոչ մի ձեռնարկ չի իրականացնում, որ նպաստավոր քաղաքականության շնորհիվ մարդիկ գնան ու բնակվեն այդ գյուղերում: Որպես օրինակ  գյուղացիները բերում են հողի հարկի օրինակը: «Նույն փողն ենք տալիս, ինչ Արարատյան դաշտի գյուղացիները, պատկերացնում եք, այնտեղի  հողը ու մերը, որ ցանել չենք կարողանում, քանի որ ականապատված է:

Բողոքում ենք՝ ասում են՝էդ ա ձեր վրա է գրանցված, պիտի վճարեք, մշակեք, թե չմշակեք»,- ասել է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի բնակիչ  Հարություն Վարդանյանը: Վազաշենցիների խոսքով՝ գյուղում կառավարությունը պիտի նպաստավոր դաշտ ստեղծի, որ չլքեն գյուղը: «Հասկանում եք՝ Վազաշենը մեր կողմից  վերջին գյուղն է: Վազաշենը վերջանում ու անմիջապես սկսվում են Ադրբեջանի գյուղերը: Պատկերացնում եք, որ թողնենք-գնանք, սա կնշանակի՝գյուղը մեխանիկորեն անցնում է իրանց»,- ասել է գյուղի բնակիչ Զարուհի Իսահակյանը:  

Ըստ նրա ժամանակին Վազաշենի միջով անցնելն անգամ վտանգավոր էր, քանի որ գյուղը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական գյուղերով: Հիմա էլ գյուղի ծայրում ապրողները հաճախ են առիթ ունենում հիշելու, որ ապրում են  անմիջապես թշնամու հարեւանությամբ: «Հենց հիմա մեկ-մեկ, որ կրակում են, գալիս կպնում է պատին կամ դույլ ծակում է, ու էս ամենից հետո մենք ստեղ ապրում ենք ու հլա մեզնից են հարկ ուզում»,- ասել է նա:

Մինչդեռ գյուղաբնակների խոսքերով, գյուղը պաշտպանել են վազաշենցիները: «Ամեն մի գյուղի բնակիչ սահմանապահ է էստեղ: Էն ժամանակ, որ 3 տանկ մտավ գյուղ, ես խմոր էի անում, ձեռքիս խմորի տաշտը թռավ: Էս գյուղի տղամարդիկ էդ տանկերի դեմը դուրս էկան»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Խանում Երանյանը: Նրա խոսքերով հիմա սահմանապահ գյուղացին թողնում է գյուղը, քանի որ չկա նպաստավոր քաղաքականություն:

«Մենք էս երկրի թիկունքն ենք պահում, բայց իշխանությունը մեր թիկունքներին չէ, այ դրա համար գնում են գյուղից: Մեզ պահողը անտառն է, առավոտից իրիկուն մոշ ու հոն ենք հավաքում, որպեսզի կարողանանք պահել մեր երեխաներին»,- հավաստիացրել են վազաշենցիները: