«Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոնը Գյումրիի «Հանդիսությունների տուն» կինոսրահում կազմակերպել է ֆիլմերի ցուցադրություն: «Նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալական վիճակի, կենսակերպի, կրթական մակարդակի աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ, նպաստել նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստել է «Ագաթ» ՀԿ հոգեբան Քրիստինե Աղանյանը: Ֆիլմը, որը ցուցադրվել է, կոչվում է «Ես կարող եմ լինել առաջին շարքերում»:
«ֆիլմում 7 հերոսները, ովքեր սահմանափակ կարողություններ ունեցող, մեր կողքին, մեր քաղաքում ապրող երիտասարդներ են, պատմում են իրենց երազանքների ու ցանկությունների մասին»,- նշել է «Ագաթ» ՀԿ ծրագրերի պատասխանատու Աննա Ղուկասյանը:
Նշենք, որ ֆիլմի դիտման են հրավիրված եղել ինչպես հասարակական տարբեր կազմակերպություններ, այնպես էլ տեղական ու մարզային իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Սակայն կինոդահլիճը կիսով չափ դատարկ է եղել, հիմնականում ֆիլմը դիտել են հաշմանդամներ ու սահմանափակ կարողություններ ունեցող անձինք:




























