Երեւանի Մխիթար Գոշ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7/Ա հասցեում օգոստոսի 26-ին հայտնաբերվել է 36-ամյա Հրանտ Մաթուլյանի դիակը` արյան հետքերով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել էր, որ նույն օրը, ժամը 19.30-ին, նույն տան բնակիչ` ՌԴ քաղաքացի, 25-ամյա Գեորգի Պ.-ն որսորդական հրացանից հրազենային վնասվածքներ էր հասցրել Հ. Մաթուլյանին, որը մինչեւ «շտապօգնության» ժամանելը մահացել էր:
Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել էր երկփողանի որսորդական հարթափող հրացան` փամփշտանոցներում 2 կրակած պարկուճ:
Օգոստոսի 27-ին, ժամը 17.30-ին, Գեորգի Պ.-ն ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ իրենց տանը, ինքնապաշտպանության նպատակով, որսորդական հրացանից կրակոցներ է արձակել կացնով իր վրա հարձակում գործած հարեւանի` Հ. Մաթուլյանի վրա, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:



























