Անցած ուրբաթ` օգոստոսի 26-ին բանակում մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Նրանք նշում են, որ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:
Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 18-ամյա Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:
Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին:
«Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը եւ ինձ մղկտացնեին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է մայրը:
Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը, որում եզրակացություն տված բժիշկը մահվան պատճառների մեջ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարեւորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:
Մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետեւանքով վայր է ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ:
18-ամյա Աղասի Աբրահամյանը Երեւանից էր, նա Ռուսաստանից Հայաստան էր եկել, որպեսզի բանակ զորակոչվեր: Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռեւս ձերբակալվածներ չկան:



























