Թերթի հարցերին է պատասխանում ՀԱԿ-ի հետ երկխոսող իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը.

Երկխոսության մեկնարկի առաջին պահից սկսած եւ մինչ հիմա մեր դիրքորոշումը նույնն է: Կոալիցիայի աշխատանքային խումբը որեւէ ձեւով իր քաղաքական միջամտությունը տեղի ունեցող իրավական գործընթացներին նպատակահարմար չի համարում:

Մամուլում տեղեկատվություն է հայտնվել, ըստ որի դուք երկխոսության վերջին ռաունդից առաջ տեւական առանձնազրույց եք ունեցել ՀԱԿ պատվիրակության ղեկավարի հետ եւ անուղղակի խոստում եք տվել, թե ՀԱԿ ակտիվիստի խափանման միջոցը կփոխվի: Այս տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Չգիտեմ, թե այդ լրատվամիջոցն ինչ է հրապարակել, բայց ես իրենց հարցին պատասխանելով` ասել եմ ընդամենը այն, որ երկխոսության հանդիպումների ժամանակ Լեւոն Զուրաբյանի հետ առանձնազրույցի մի քանի առիթ ունեցել եմ: Ընդամենը այսքանն եմ ասել եւ ոչ ավելին:

Համաձա՞յն եք շրջանառվող գնահատականին, որ եթե չլիներ ՀԱԿ ակտիվիստին ձերբակալելու հանգամանքը, ապա ՀԱԿ-ը երկխոսությունից հրաժարվելու այլ պատրվակ կամ առիթ կգտներ:

Կարծում եմ, որ հենց ՀԱԿ-ի պատվիրակությունը պետք է այս հարցին պատասխանի ու պարզաբանի, թե իրավախախտում կատարելու համար անձին ձերբակալելու հանգամանքը կարո՞ղ է դառնալ քաղաքական ինչ-որ քայլ, նպատակ իրագործելու պատրվակ կամ առիթ:

Մենք սկզբնավորել էինք կարեւոր քաղաքական մի գործընթաց եւ միանգամայն ողջամիտ քննարկումներ էինք ծավալել: Հետեւաբար նման գործոնների ազդեցությամբ կամ հետեւանքով երկխոսությունն ընդհատելը, սկսված գործընթացը առկախելը ոչ միայն բացասաբար եմ գնահատում, այլեւ ցավով եմ արձանագրում, որ այդ քայլի համար նման պատրվակ գտնվեց:

Դժվարանում եմ պնդել, թե ՀԱԿ-ի այս քայլը ինչով է իրականում պայմանավորված: Թերեւս երկխոսությունը շարունակելուց հրաժարվելու իրական պատճառը հենց այն է, որ մեր աշխատանքային խումբը ներկայացրեց օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀԱԿ-ի ներկայացրած հիմնավորումները խորապես հերքող միանգամայն հիմնավոր ու լուրջ հակափաստարկներ: Այնուամենայնիվ նախընտրում եմ լրացուցիչ մեկնաբանություններից առայժմ ձեռնպահ մնալ:

Ակնկալո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը կշարունակի երկխոսությունը:

Ես շատ եմ ցանկանում, որ այդպես լինի: Այս եւ հասարակությանը, մեր ժողովրդին հուզող բազմաթիվ այլ համանման հարցերի պատասխանը պետք է տա հենց ՀԱԿ-ը: