ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հավաստիացրել է, որ ԵՄ-ը բավականաչափ միջոցներ ունի Ուկրաինա ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար։
«Փող կա։ Փողի համար մի անհանգստացեք»,- ասել է Բորելը՝ մեկնաբանելով Կիեւ ռազմական մատակարարումների փոխհատուցման միջոցների սպառման մասին հարցը։
Անցած շաբաթ Politico պարբերականը տեղեկացրել էր, որ ԵՄ-ը ի վիճակի չէ կենտրոնացված ձեւով փակել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերող անդամ երկրների բոլոր ծախսերը։ Նրա տվյալներով՝ պետությունները ծախսերի փոխհատուցման չափից շատ հայտեր են ներկայացնում, այն դեպքում, երբ համապատասխան ֆոնդի միջոցները սահմանափակ են։ Պարբերականը, մասնավորապես, տեղեկացրել է, որ ամբողջ գումարը չստանալը կատաղեցրել է Լեհաստանին՝ Ուկրաինա զենքի խոշոր մատակարարներից մեկին։ Վարշավան մի որոշ ժամանակ արգելակում էր որոշման ընդունումը, բայց ի վերջո համաձայնեց ծախսերը 46 տոկոսով փակելուն։




























