Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օգոստոսի 14-ին ծնված երեխայի վիճակը շատ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից:  Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկայի վարիչ Հրանտ Կալենտերյանի խոսքով` երեխայի մոտ պորտալարի եռակի փաթաթում է: «Ես մանկաբույժ եմ, փաստի հետ գործ ունեմ, ես ծննդաբերության ընթացքի մասին չեմ կարող գնահատական տալ, դա իմ մասնագիտությունը չի»,- ասաց նա` ի պատասխան մեր հարցի, թե ծննդաբերության ժամանակ բժշիկը կողմից սխալ թույլ տրվե՞լ է:

Նա նշեց նաեւ, որ այժմ  կոնկրետ չեն կարող ասել, թե ծննդաբերության ժամանակ բժշկի պատճառով ինչ-որ սխալ թույլ է տրվել, թե ոչ եւ դրա մասին կասեն մասնագետները:  Մանկաբույժ-գինեկոլոգի վստահեցմամբ` 18 օրական տղային փրկելու համար անում են ամեն ինչ:

Նշենք, որ Վայքի քաղաքային հիվանդանոցը գործում է Վայոց Ձորի մարզպետարանի ենթակայությամբ հետեւաբար` պատժողներն էլ նրանք են լինելու: Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության  վարչության բաժնի պետ Արտաշես Գալստյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեպքից հետո մարզպետարանում քննարկում է կազմակերպվել, այժմ սպասում են Առողջապահության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի ժամանելուն: Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի աշխատանքը կասեցվել է: Նա, ըստ «Չենք լռելու» նախաձեռնության տարածած տեսանյութի, օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչեւ ինքը իր բուրդը կչփխի ու կգա ծնունդն ընդունելու: Արտաշես Գալստյանը նշեց, որ եթե պարզվի, որ բժիշկը սխալ է թույլ տվել, ապա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, կարող է  քրեական գործ հարուցվել եւ այլն: Բայց նախեջւառաջ պետք է պարզել, թե բժշկի կողմից սխալ թույլ տրվե՞լ է, թե՞ ոչ եւ ինչպիսի սխալ է թույլ տրվել:

Եթե պարզվի, որ մեղմ սխալ է թույլ տրվել, ապա  նա կշարունակի աշխատել: «Սա նեղ մասնագիտական հարց է, ես ինքս, լինելով բժիշկ, չեմ կարող օբյեկտիվ որոշել բժշկի մեղավորության աստիճանը, բժշկական սխալ թու՞յլ է տրվել, թե՞ ոչ: Որպեսզի դա պարզվի, ստեղծված է հանձնաժողով, որը կուսումնասիրի հարցը: Դեպքը ցավալի է, բայց ես կարծում եմ, որ պետք է մյուս կողմին էլ լսել: Քիչ առաջ բժշկուհին ինձ մոտ էր, ես նայել եմ  նրա կենսագրությունը, պարկեշտ, շատ լավ անձնավորություն է, անհնարին է, որ նման սպառնալիքներ ասեր: Ինչ-որ բաներ փոխել են, ինչ-որ բաներ բստրել են, ամենայն հավանականությամբ: Ես միանգամայն դրական կարծիք ունեմ բժշկուհու մասին»,- ասաց բաժնի պետը:

Նրա խոսքով` եթե երեխան այդպես է ծնվել, ուրեմն` ինչ-որ մի բան սխալ է եղել, բայց պետք է գտնել այն օղակը, որտեղ թույլ է տրվել այդ սխալը, պետք է պարզել, թե ով  է պատասխանատուն:

Նշենք, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օրեր առաջ սարսափելի ու արտասովոր դեպք է տեղի ունեցել:

Այն պատահել է օրեր առաջ Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում բնակվող մի ընտանիքի հետ: Օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարում է, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել: «Հիվանդանոցում մեզանից են ուզում ձեթ, թել, խողովակ եւ այլ անհրաժեշտ պարագաները: Ինչո՞ւ պատրաստ չէին, ինչու անգամ թթվածին չունեին: Բժշկուհին երեխային թողել է սեղանին եւ ասել, թող մահանա: Նա ասել է. «Ես գնում եմ, երբ երեխան մահանա, կզանգեք, գամ տեսնեմ, թե ինչու թոք չունի: Դա բժի՞շկ է»,- վրդովված պատմել են հարազատներ:

Իսկ Մետքայսա Հովհաննիսյանը երեկ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այնդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, նա իրեն մեղավոր չի համարում:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը