Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առայժմ նոր ձերբակալվածներ չկան. ձերբակալված են մեկ սպա եւ մեկ զինվոր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե գործով ձերբակալվել է չորս անձ: Ընդ որում, Պնախարարի մամուլի քարտուղարը հրաժարվեց հայտնել ձերբակալվածների անունները` դա պատճառաբանելով նախաքննության շահերով եւ նրանց ընտանիքների անվտանգության նկատառումներով: Այդուհանդերձ, նա նշեց, որ «առաջիկայում հնարավոր են նոր ձերբակալություններ»:

Մինչդեռ «168 ժամ» պարբերականի տեղեկություններով, բացի ձերբակալված ժամկետային զինծառայողից, ձերբակալվել են նաեւ 25-ամյա բուժակ Նվեր Միրզաբեկյանը` նախնական սխալ բժշկական եզրակացություն տալու համար: Ձերբակալվել են նաեւ սպաներ Սուրեն Թադեւոսյանը եւ Արսեն Աֆյանը: Թերթի աղբյուրների հավաստմամբ` մինչեւ երեկ երեկոյան սպասվում էր եւս 7 մարդու ձերբակալություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին, ժամը 20:30-ի սահմաններում անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 18-ամյա  Աղասի Գեղամի Աբրահամյանը, որտեղ մեկ ժամ անց մահացել էր: Նախապես հաղորդվել էր, թե նա թունավորվել է, իսկ բուժկետում ընկել է մահճակալից եւ մահացել, թեեւ նրա վրա առկա էին բռնության ակնհայտ հետքեր: Զինվորի մահը մեծ հակազդեցություն էր առաջացրել հանրության շրջանում:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ` օգոստոսի 30-ին Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե Աբրահամյանի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել, հարուցվել է քրեական գործ»:

«Դա ոչ ոք չի հերքում, բացահայտվել  է անձանց շրջանակը, որոնք կարող էին ծեծել նրան, քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանք է իրականացվել, բոլոր մեղավորները կպատժվեն»,-ասել էր Սեյրան Օհանյանը: