Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ–ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն վիրտուալ աշխարհում` Facebook սոցիալական ցանցում եւս զերծ չի մնում կոպիտ խոսքերից եւ վիրավորանքներից: 

Ֆուտբոլասերների` օրերով եւ ամիսներով  կուտակված հարցերին նա ուշագրավ պատասխաններ է  տվել: Մասնավորապես, ֆուտբոլասերներից մեկի այն հարցին, թե «Ե՞րբ է փոխվելու Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչը», Հայրապետյանը պատասխանել է. «Երբ որ խորը քնես, այդ ժամանակ երազիդ մեջ նոր մարզիչ կտեսնես»:

Ֆուտբոլասերներից մեկ ուրիշը խորհուրդ է տալիս հավաքականի համար պաշտպան եւ դարպասապահ գտնել, այլ ոչ թե նոր հարձակվողներ փնտրել, ինչին ՀՖՖ նախագահը պատասխանել է. «Իսկ Դուք ի՞նչ եք կարծում` մենք չէի՞նք փնտրում, թե սպասում էինք, որ Դուք ասեիք, նոր մենք գլխի ընկնեիք»:

Մեկ այլ ֆուտբոլասեր խաղի դասավորության իր տարբերակն է առաջարկում եւ կոչ անում Ֆեդերացիայի աշխատակիցներին կարդալ իր գրառումը, որին ի պատասխան Հայրապետյանը նշում է. «Ձեր կարծիքները մի փորձեք ուղարկել ինձ: Մենք գիտենք, թե ինչ ենք անում եւ ցանկալի կլինի, որ չմիջամտեք: Թե ով որ դիրքում կխաղա, դա մարզչի խնդիրն է: Եվ հեչ բարոյական չեմ համարում, երբ որ ձեզ ձեւացնում եք ֆուտբոլի գիտակ»:

Ֆուտբոլասերներից մեկն էլ առաջարկում է Ամերիկայի պես կազմակերպել ֆուտբոլային առաջանությունը, որտեղ մասնակցելու համար հրավիրեն շատ ֆուտբոլիստների, իսկ խաղը դիտելու համար` բարձրագույն լիգայի  ակումբների մարզիչներին, ինչին ի պատասխան, ՀՖՖ նախագահը գրել է. «Ամերիկայում չգիտեմ, թե ինչ են անում, բայց մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է»:

Ռուբեն Հայրապետյանը նաեւ ստատուս է գրել իր էջում զետեղված հարցերի վերաբերյալ. «Սիրելի ֆուտբոլասերներ, ես այս էջը բացել եմ նրա համար, որ դուք ձեզ հետաքրքրող հարցերը տաք եւ ստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ես այդքան ժամանակ չունեմ, որպեսզի ձեր հետ դիսկուսիայի մեջ մտնեմ եւ ես խնդրում եմ, տվեք ինձ ձեզ հետաքրքրող հարցեր եւ ստացեք պատասխաններ, հակառակ դեպքում` այս էջը կփակվի եւ կդադարի իր գործունեությունը»:

Այսքանի մեջ միակ սփոփիչ հանգամանքը այն է, որ, ինչպես երեւում է պատասխաններից, Ռուբեն Հայրապետյանը անձամբ է վարում իր էջը: Նա բոլոր գրառումներն անում է լատինատառ հայերենով:

Նշենք, որ Fаcebook–ում իրենց անձնական էջերն ունեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ այլք: