Հայաստանի ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Օգոստոսի 31-ին, ժամը 17-ին ոստիկանության Վայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 14-ին Գնդեվազ գյուղի 20-ամյա բնակչուհու ծննդաբերության ընթացքում մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հ-ն իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել, ինչն էլ ազդել է նորածնի առողջական վիճակի վրա: Ոստիկանության Վայոց ձորի քննչական բաժնում նախապատրաստում են նյութեր Մետաքսյա Հ-ի կողմից հիշյալ ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ»,- նշեց ոստիկանության  աշխատակիցը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օգոստոսի 14-ին ծնված երեխայի վիճակը շատ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Ներկայումս երեխան գտնվում է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, եւ Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկայի վարիչ Հրանտ Կալենտերյանի խոսքով` երեխայի մոտ պորտալարի եռակի փաթաթում է:

Ավելի վաղ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել, որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխում մի կնոջ եւ սպասում բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին:

Վերջինս հայտարարում է, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների է հանգեցրել: Բժշկուհու գործունեությունը ներկայումս կասեցվել է, Հայաստանի առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Վայքի հիվանդանոցում: