ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Նոյեմբերի 15-ին կմեկնարկի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև մարտի 31-ը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի մասնագետներն այս օրերին գործուղվում են տարբեր ուղղություններով՝ հետևելու 38 սպասարկող կազմակերպությունների նախապատրաստական աշխատանքներին՝ աղ-ավազի պաշարների կուտակմանը, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակին և այլն։

Նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի նաև շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում 24-ժամյա տեղեկատվություն կհավաքվի Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով հանրությանը։

Քաղաքացիները ճանապարհների իրավիճակի մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող են ստանալ 010 56-25-33 հեռախոսահամարով։