«Մեզ պարտադրված պատերազմի բովում ծնվեց ու կազմավորվեց պաշտպանության բանակը: Այսօր արդեն կարող ենք հպարտությամբ ասել, որ ունենք կանոնավոր ու մարտունակ բանակ, որը պատվով է իրականացնում իր առաքելությունը եւ ամեն պահի պատրաստ է լուծել իր առջեւ դրված ցանկացած ռազմական խնդիր: Նրա շարունակական զորացումն ու Արցախի պաշտպանունակության հետագա ամրապնդումը մեր պետության գերակա ուղղություններից մեկն է եւ գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում»,- ասվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի` Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր ազգովի տոնում ենք մի փառավոր տարեդարձ` Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Դա տոն է համայն հայության համար: Մեր ժողովուրդը դարեր շարունակ երազել է վերականգնել իր կորցրած պետականությունը, ունենալ ազատ ու անկախ հայրենիք եւ իր արժանի տեղը զբաղեցնել միջազգային հանրության շարքում: Իսկ Արցախը միշտ եղել է այդ գաղափարների կրողն ու առաջամարտիկը:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը կայացրեց պատմական որոշում եւ ի լուր աշխարհի հայտարարեց ազատ ու անկախ ապրելու, սեփական հողում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իր անխախտ վճռի մասին: Եվ արդեն 20 տարի է, ինչ անշեղորեն ընթանում ենք այդ ճանապարհով, ժողովրդավարական սկզբունքների հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման, անկախ պետականության կերտման՝ մեզ համար միակ ճիշտ ուղով:
Մեր կարեւորագույն նվաճումներից է նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Եվ դեռ շատ բան ունենք անելու, կան բազմաթիվ ծրագրեր ու նպատակներ: Այսօր էլ մենք հաստատակամ ենք ու միասնական մեր ազգային իղձերի իրականացման, մեր նահատակների արյամբ սրբագրված գործը ավարտին հասցնելու հարցում:
Այս տոնական օրը մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի քաջ զավակների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի:
Ուզում եմ հիշել եւ խորին երախտագիտություն հայտնել Արցախի բարեկամներին, բոլոր նրանց, ովքեր անկախության այս 20 տարիների ընթացքում մեզ հետ էին, մեր կողքին, օգնում էին մեր արդար ձայնը հասցնել աշխարհի առաջադեմ մարդկությանը»:



























