ԵՄ-ում խոստովանել են, որ անհնար է սահմանել գազի գների վերին շեմ, որը միաժամանակ չի ազդի երկարաժամկետ պայմանագրերի կամ մատակարարումների անվտանգության վրա: Այս մասին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները հայտնել են 27 անդամ երկրներին, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու դիվանագիտական աղբյուրների։

Ամբողջ գիշեր շարունակվող գագաթաժողովում երկարատեւ վեճերից հետո ԵՄ առաջնորդները հոկտեմբերին պայմանավորվել են հանձնարարել Եվրահանձնաժողովին առաջարկել «ԵՄ ժամանակավոր միջոց՝ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի գները սահմանափակելու համար» եւ «ժամանակավոր գնային դինամիկ միջանցք՝ բնական գազի գործարքների համար», որպեսզի գազի գները նվազեցվեն։

Բայց սահմանափակում ցանկացողների (Ֆրանսիա, Իսպանիա եւ Բելգիա) եւ Գերմանիայի գլխավորությամբ դրա դեմ հանդես եկողների փոխզիջումը նշանակում էր, որ ավելացվել են լրացուցիչ պայմաններ, այն է՝ որ որեւէ սահմանափակում չպետք է ազդի երկարաժամկետ պայմանագրերի վրա, հանգեցնի գազի սպառման ավելացման կամ դրդի, որ արտադրողները մատակարարումներն այլ տեղ ուղղեն:

«Այժմ Հանձնաժողովը հայտարարել է, որ հնարավոր չէ ունենալ գների վերին շեմ, որը կհամապատասխանի այդ չափանիշներին»,- ասել է դիվանագետներից մեկը՝ հավելելով, որ ԵՄ 27 անդամ երկրների բանագնացները Բրյուսելում կքննարկեն հարցը հաջորդ ուրբաթ:

Երկրորդ դիվանագետը նշել է, որ Հանձնաժողովը փոխարենը առաջարկել է կամավոր «շուկայական շտկման մեխանիզմ», որը, սակայն, այնքան հեռու չի գնացել, որ սահմանափակումներ պահանջող երկրները կարողանան անմիջապես սահմանափակել գների աճը:

Երկուսն էլ հայտարարել են, որ սահմանափակումներ պահանջող 15 երկրներից մի քանիսը սպառնացել են արգելափակել հոկտեմբերի էներգետիկ գործարքի մյուս տարրերը, որը ներառում է նաեւ համատեղ գնումների սկիզբը եւ նոր գնային թիրախի մշակումն այնքան, մինչեւ Հանձնաժողովը հաստատուն դիրքորոշում չընդունի գնի սահմանաչափի վերաբերյալ։