Իսրայելն արդեն անհանգստացած էր տարածաշրջանում հիպերձայնային հրթիռների առկայությամբ, երբ Իրանը հայտարարեց, որ նման հրթիռներ է ստեղծել։ Իսրայելն արդեն աշխատում է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության հետ, որպեսզի դիմակայի ցանկացած նման սպառնալիքի, գրել է Jerusalem Post-ը։

«Հիպերձայնային հրթիռներն առայժմ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում, բայց դրանք լուրջ մտահոգություն են առաջացնում»,- սեպտեմբերին հայտարարել էր Իսրայելի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաներից մեկը։ Նրա խոսքով՝ սպառնալիքի պատճառով Իսրայելը ձեռք ձեռքի տված աշխատում է ԱՄՆ-ի հետ։

Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպությունը (IMDO) եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալությունը (MDA) կարեւոր գործընկերներ են հակաօդային պաշտպանության բազմաթիվ նախագծերում։ Վաշինգտոնը եւ Իսրայելը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն՝ ԱՄՆ-ը օգնության կհասնի Իսրայելին հակահրթիռային պաշտպանությունում՝ պատերազմի ժամանակ, եւ վերջին տարիներին երկու բանակները բազմաթիվ համատեղ հակաօդային գործողություններ են իրականացրել։

Չնայած Իսրայելը հակաօդային պաշտպանության  բազմամակարդակ համակարգ ունի, ներառյալ «Երկաթե գմբեթը», «Նետ-1»-ը, «Նետ-3»-ը եւ դեռեւս մշակման փուլում գտնվող «Երկաթե ճառագայթ» լազերային համակարգը, մինչեւ այժմ չկա համակարգ, որը կկարողանա որսալ հիպերձայնային հրթիռները։

Հնարավոր սպառնալիքի պատճառով MDA-ն 225 մլն դոլար է խնդրել հիպերձայնային հակահրթիռային պաշտպանության համար 2023 ֆինանսական տարվա բյուջեից։

MDA-ն նաեւ աշխատում է հրթիռների ստեղծման ուղղությամբ, որոնք կորսան եւ կխոցեն թշնամական հիպերձայնային հրթիռները՝ հիպերձայնային այլ հրթիռի օգնությամբ, որը հայտնի է որպես Glide Phase Interceptor (GPI)։ Սա թշնամու հրթիռը կհանի շարքից դրա թռիչքի պլանավորման պահին, երբ դեռ ավելի խոցելի է։

Աշխատանքներ են կատարվում նաեւ տիեզերական համակարգ ստեղծելու ուղղությամբ՝ թշնամական հրթիռները ոչնչացնելու համար, որոնց դժվար է հետեւել։ Ծրագրում կլինի բազմամակարդակ համակարգ, որը կմիավորի արբանյակային սարքերը, ցամաքային ռադարները եւ հիպերձայնային հրթիռների հսկման ու որսման շատ այլ սարքավորումներ։

Իսրայելը փորձում է նաեւ ավելացնել իր ներկայությունը տիեզերքում։

Հիպերձայնային հրթիռները նոր սպառնալիք են, քանի որ թռչում են ձայնի արագությունից հինգ անգամ ավելի արագ եւ ունեն թռիչքի բարդ ու տարատեսակ հետագիծ, ինչը դժվարացնում է նրանց խոցելը։ Դրանք թռչում են շատ ավելի բարձր, քան մինչձայնային հրթիռները, բայց շատ ավելի ցածր, քան միջմայրցամաքային բալիստիկ հրիթռները՝ այն շրջանում, որտեղ շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, չունեն հետեւելու բավականաչափ հնարավորություն։ Այդ հրթիռները կարող են միջուկային մարտագլխիկներ կրել, ինչը սպառնալիքն էլ ավելի տագնապալի է դարձնում։

Հատկապես այն բանից հետո, երբ հինգշաբթի Իրանը հայտարարեց, որ ստեղծել է հիպերձայնային հրթիռ, որը կարող է «անցնել ցանկացած հակահրթիռային վահանի միջով»։