«Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետական մակարդակով ստում է»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Գլինկա-6 շենքի բնակիչ Աննան` անդրադառնալով իրենց շենքի դիմաց` Գլինկա 13 հասցեում գտնվող հրշեջ ծառայության կողմից մայթը զավթելու պատմության վերաբերյալ տրված պաշտոնական մեկնաբանությանը:

Խոսքը գնում է հրշեջ ծառայության կողմից մայթը գրավելու մասին, որի վերաբերյալ, ԱԻՆ-ը հայտարարել է, թե այդ տարածում կառուցված տաղավարը տարիներ շարունակ եղել է հարբեցողների ու կռվի վայր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  NEWS.am-ն այցելել էր այդ շենք եւ նկարել Հրշեջ ծառայության ծավալած գործունեությունը: Գլինկայի 6-րդ շենքը 10 հարկանի է, ունի 3 մուտք, 87 բնակարան, բայց չունի բակ կամ բակին փոխարինող տարածք: Շենքի երեխաները զրկված են խաղալու, իսկ մեծահասակները`  հանգստանալու  հնարավորությունից: Շենքի հետնամասում աղբանոցն է, առաջամասում` փողոցը, որով մեծ արագությամբ սլանում են ավտոմեքենաները: Իսկ փողոցը չունի մայթ, շենքի դիմացը գտնվող հրշեջ ծառայությունը քանդում է փողոցի մայթը եւ մերձմայթային փողոցի հաշվին` մեծացնում իր տարածքը:

Այնուհետեւ քաղաքացիները նորից էին ահազանգել` տեղեկացնելու, որ հրշեջ ծառայության աշխատակիցները կտրել են մայթին գտնվող հաստաբուն ծառը եւ տարել թաքցրել կողքի բակում:

Առաջին հրապարակումից հետո Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր պաշտոնական կայքէջում անդրադարձել է խնդրին` նշելով, որ վերջին ամիսների ընթացքում մայրաքաղաքի մի շարք հրշեջ մասերում իրականացվում են վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներ, որոնց թվում է նաեւ Երեւանի Գլինկայի-13 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, որտեղ տեղակայվելու է ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության սպայակազմը:

ԱԻՆ-ը հաղորդել է նաեւ, որ իրականացվող շինարարական աշխատանքների շրջանակում որոշվել է բարեկարգել նաեւ հարակից տարածքը, մասնավորապես` մետաղե ճաղավանդակներով մոտ 3 մետր բարձրությամբ հին ցանկապատը փոխարինել նոր, ավելի ցածր ու գեղեցիկ 1 մետր բարձրությամբ ցանկապատով, որի եզրագծով կառուցվելու է մայթ` անցորդների համար, ընդ որում` փողոցի նշված հատվածում մայթ նախկինում ընդհանրապես չի եղել: 

«Գլինկայի-13 հասցեում իրականացվող բարեկարգման աշխատանքները, իսկ ավելի ճիշտ` հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքում ապօրինի տեղադրված տաղավարի ապամոնտաժումը, հարուցել են մոտակա շենքերի բնակիչներից ոմանց դժգոհությունը: Այնքան էլ գեղեցիկ չէ, երբ մի քանիսի նեղ անձնական շահերը ներկայացվում են որպես բնակիչների բողոք, քանի որ ջոկատի տարածքի ներսում ապօրինի կառուցված տաղավարը տարիներ շարունակ եղել է կռիվների, հարբեցողների ու թմրամոլների գիշերային հավաքատեղի, եւ այդ նույն տաղավարի գիշերային աղմուկ-աղաղակների ու ծեծկռտուքների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ներկայացվել տարբեր ատյաններ»,- մեկնաբանել են ԱԻՆ-ից:

Այս մեկնաբանության հետ կապված, բնակիչ Աննան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այդտեղ գիշերային հավաքատեղի չի եղել, իսկ մայթ կար: «Եթե կանայք են բողոքում, ինչպե՞ս կարող է  գիշերային հավաքատեղիի մասին խոսք լինել: Ինչպե՞ս կարող է գիշերային հավաքատեղի լինել, եթե լուսանկարն արված է ցերեկով: Եթե թմրամոլների հավաքատեղի է, իրենք ո՞վ են, թող ոստիկանություն կանչեն, հավաքեն, տանեն: Այնտեղ նստում էին մեծահասակ կանայք»,- նշեց քաղաքացին` հավելելով, որ այդտեղ այժմ իրենք չեն հավատում, որ Հրշեջ ծառայությունը կկառուցի մայթը եւ հարց է, թե որտեղ պետք է կառուցի: Նրա խոսքով`այժմ  արագացված տեմպերով շարունակվում  է շինարարությունը: