Նախորդ իշխանության կառավարման օրոք, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի համար ճակատագրական իրավիճակը չէր լինի։ Այս մասին 168.am-ին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ի տարբերություն իր նախորդների, 2018 թվականին պատրաստ էին շատ բան ներել:
«Ամեն ինչ կվերագրվեր նրան եւ կներվեր: Նա հավանաբար կկորցներ իր բարձր վարկանիշի 10%-ը, սակայն ինչ-ինչ պատճառներով, միայն իրեն հայտնի ինչ-ինչ պատճառներով՝ նա դա չէր անի ։ Ավելին, նա դա չի արել, իմ կարծիքով, նույնպես բավականին անհաջող ճանապարհով։ Ինձ թվում է՝ նա սկզբում ինչ-որ պայմանավորվածություններ է ունեցել Ադրբեջանի հետ, որոնք հետո խախտվել են։ Թերեւս դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություններում շատ անձնական բաներ կան։ Սակայն սա ընդամենը վարկած է»,- նշել է փորձագետը՝ ով համոզված է, որ նախկին իշխանությունն ավելի զգույշ ու ճշգրիտ կգործեր:
«Նախկին իշխանությունը, որը գիտեր մանեւրել, խաղալ, հարթել անկյունները՝ չնայած իր բոլոր թերություններին, այս սխալը չէր անի։ Չեմ ասում, որ նա գործը պատերազմի չէր հասցնի, բայց պատերազմի հավանականությունը շատ ավելի քիչ կլիներ»,- ընդգծել է Դուբնովը։





























