Հայաստանի Հանրապետությունը 2007 թվականին ստորագրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան» (Convention on the Rights of Persons with Disabilities (CRPD)) եւ կամընտիր արձանագրությունը, սակայն 2010 թվականի հոկտեմբերի 22-ին վավերացրել է միայն Կոնվենցիան։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում համապատասխան հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը։

Կամընտիր արձանագրությունը, ինչպես նշեց պատգամավորը, Կոնվենցիայի վերահսկողական մեխանիզմներից է եւ լուծում է դրանով ոչ բավարար չափով կարգավորվող հարցեր։ «Մոնիթորինգն իրականացնում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հանձնաժողովը, որի անդամներն անկախ փորձագետներ են։ Կոմիտեն քննարկում է մասնակից պետությունների կողմից պարբերաբար ներկայացված հաշվետվությունները»,-պարզաբանեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ Կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացումը կամրապնդի Հայաստանի համագործակցությունը ՄԱԿ-ի Հաշմանդամների իրավունքների կոմիտեի հետ՝ բարձրացնելով հանրապետության միջազգային հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում։