Ուկրաինան դադարեցրել է «Դրուժբա» խողովակաշարով նավթի մղումը Հունգարիայի ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Տրանսնեֆտ»-ի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Իգոր Դյոմինը։

«Ուկրաինական կողմը մեզ տեղեկացրել է, որ լարման անկման պատճառով դադարեցրել են Ֆենեշլիտկայի (Հունգարիա – խմբ.) ուղղությամբ մղումը»,- ասել է նա։

Իր հերթին հունգարական MOL նավթագազային ընկերությունը հայտնել է, որ իրենք ուշադիր հետեւում են նավթամուղի վիճակին։ Նրանք նաեւ հստակեցրել են, որ երկրի նավթի պաշարները երեք ամիս կբավարարեն։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը միջադեպի կապակցությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։

«Դրուժբա» նավթամուղն ամենաերկարն է աշխարհում, դրա երկարությունը մոտ 4000 կիլոմետր է։ Այն սկիզբ է առնում Սամարայի մարզից, անցնում Բրյանսկով եւ այնուհետեւ ճյուղավորվում երկու հատվածի՝ հյուսիսայինը՝ Բելառուսի, Լեհաստանի եւ Գերմանիայի տարածքով, իսկ հարավայինը՝ Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի տարածքով։