Հայաստանում պաշտոնապես գործազուրկների թիվը հասել է 51 000-ի, այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, բարձր է նաեւ չաշխատող քաղաքացիների շրջանում կանանց տոկոսը։ Այն կազմում է մոտ 64 տոկոս։
Նրա խոսքով՝ կանանց ինտեգրումը սոցիալ-տնտեսական կյանքին եւ նրանց տնտեսական ներուժի իրացումը առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար։
«Հայաստանի, որպես փոքր երկրի համար, մարդկային կապիտալը կարեւոր է։ Իշխանությունները հնարավոր ամեն ինչ անում են կանանց աշխատանքային գործընթացում ներգրավելու համար»,- վստահեցրեց Մկրտչյանը։
Այս համատեքստում նա մատնանշեց «Աքսելերատոր» պիլոտային ծրագիրը, որն ուղղված է կանանց տնտեսական ներուժի բացահայտմանը:
Այս նախագիծն իրականացվում է ՄԱԿ Զարգացման ծրագրի հետ։ Դրա նպատակը կանանց տնտեսական ներուժը իրացնելն է, կանանց ձեռներեցությունը խթանելը եւ նրանց պահանջարկի մակարդակը աշխատաշուկայում բարձրացնելը՝ մրցակցային պայմանների ուժեղացման միջոցով։





























