Աֆղանստանի հյուսիս-արեւելքում 19 մարդ հրապարակայնորեն մտրակվել է դավաճանության, գողության եւ տնից փախչելու համար: Երկրի Գերագույն դատարանի հայտարարությունը ընդգծում է իսլամական օրենքի կամ շարիաթի խիստ մեկնությանը հավատարիմ մնալու թալիբների մտադրությունը, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:
Սա Աֆղանստանում մտրակի ենթարկելու առաջին պաշտոնական հաստատումն է 2021 թվականի օգոստոսին թալիբների կողմից իշխանությունը զավթելուց ի վեր:
1990-ականների վերջին իրենց նախկին կառավարման ժամանակ թալիբները հրապարակային մահապատիժներ էին իրականացնում, մտրակում եւ քարկոծում հանցագործությունների համար դատապարտվածներին:
Անցյալ տարի իշխանությունը գրավելուց հետո թալիբները սկզբում խոստացել էին լինել ավելի չափավոր եւ հաշվի առնել կանանց եւ փոքրամասնությունների իրավունքները: Փոխարենը սահմանափակում են իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ արգելում աղջիկներին վեցերորդ դասարանից հետո կրթությունը ստանալ։
Գերագույն դատարանի խոսնակ Աբդուլ Ռահիմ Ռաշիդը հայտնել է, որ նոյեմբերի 11-ին Թախար նահանգի հյուսիս-արեւելքում գտնվող Թալոկան քաղաքում 10 տղամարդ եւ ինը կին ենթարկվել են մտրակի 39 հարվածի։





























