Մոլդովան քաղաքացիներին կոչ է արել պատրաստվել խստաշունչ ձմեռվան։ Շուրջ 50 երկրներ եւ կազմակերպություններ հանդիպել են Փարիզում՝ խոստանալով օգնություն տրամադրել երկրին, քանի որ մեծանում են այն մտավախությունները, որ նա կարող է ավելի ապակայունանալ Ուկրաինայի հակամարտությունից, հայտնում է Reuters-ը:

«Այս պատերազմը սպառնալիքի տակ է դնում էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարումը։ Մենք վստահ չենք, որ կարող ենք բավականաչափ մատակարարումներ ապահովել՝ մեր տները ջեռուցելու եւ լուսավորելու համար, եւ եթե նույնիսկ դա անենք, գները անհասանելի կլինեն մեր ժողովրդի ու տնտեսության համար: Սա կարող է վտանգի տակ դնել սոցիալական խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասել է նախագահ Մայա Սանդուն: «Ես գիտեմ, որ Եվրոպայում բոլորը շատ թանկ են վճարում էներգիայի համար, բայց այդ նույն գները շատ ավելի ավերիչ ազդեցություն ունեն մեր երկրի եւ մարդկանց վրա»:

Մոլդովան գազի ներկրման հարցում կախված է բացառապես ռուսական «Գազպրոմ»-ից եւ զգալի չափով՝ ռուսական էներգառեսուրսներից։ Ձմռան սկսվելու եւ Մոսկվա բնական գազի մատակարարումների շուրջ 40 տոկոսով կրճատման հետ կապված՝ կասկածի տակ է դրվում բնակչությանը բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա ապահովելու նրա հնարավորությունը:

Այս տարվա սկզբին Բեռլինում եւ Բուխարեստում կայացած դոնորների համաժողովներում հայտարարվել են համապատասխանաբար 659 եւ 615 միլիոն եվրո մուծումների մասին: Բայց պաշտոնյաները, որոնք մասնակցել են այդ համաժողովներին, հայտարարել են, որ թվերը ներառում են մի քանի կրկնվող խոստումներ, նախագծերի ֆինանսավորում եւ տնտեսություն գումարի ներարկում, այլ ոչ թե ուղղակի բյուջետային աջակցություն:

Դիվանագիտական մի աղբյուր, որը ներկա է եղել համաժողովին, ասել է, որ նոր խոստումները շատ չեն եղել, սակայն, խոսելով պատվիրակների առջեւ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզը լրացուցիչ 100 միլիոն եվրո կտրամադրի Մոլդովայի հրատապ կարիքները բավարարելու համար: «Մենք չպետք է ենթարկվենք (ռազմական) հոգնածությանը կամ այն մտքին, որ դա արագ կավարտվի»,- ասել է Մակրոնը՝ խոստանալով օգնել Մոլդովային հաղթահարել իր լուրջ խնդիրները։

Գերմանիան մոտ 32,5 միլիոն եվրո է հատկացրել վերականգնվող էներգիայի, ենթակառուցվածքների եւ փախստականների օգնության համար, հայտնում են դիվանագիտական աղբյուրները։ «Մենք Մոլդովային մենակ չենք թողնի ո՛չ ցրտի, ո՛չ մթության, ո՛չ մոտալուտ ռեցեսիայի մեջ»,- լրագրողներին ասել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։