Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրաժարվել է Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղուց, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավով պետք է նշեմ, որ միջնորդները, տվյալ դեպքում՝ Բորելը, հրաժարվել են հարաբերությունները կարգավորելու ԵՄ առաջարկից,- Կուրտիի խոսքերն է մեջբերում RTS-ը,- Այսօր նա հրաժարվել է Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու ԵՄ առաջարկից»։
Միաժամանակ Կոսովոյի վարչապետն ընդգծել է, որ անընդունելի է ԵՄ առաջարկը՝ տուգանքների կիրառման որոշումը կասեցնելու եւ սերբական պետհամարանիշների համար միայն նախազգուշացումներ անելը շարունակելու մասին։
Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի իրավապահ մարմինները հաստատել էին, որ նոյեմբերի 22-ից կտուգանեն նրանց, ովքեր չեն փոխի սերբական ավտոմեքենայի համարանիշները։ Ինչպես նշել են գերատեսչությունում, «նախազգուշացումները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 21-ը», իսկ նոյեմբերի 22-ից «Կոսովոյում նման անօրինական համարանիշներով տրանսպորտային միջոցների բոլոր սեփականատերերը, ըստ պաշտոնական որոշման, կտուգանվեն Կոսովոյի ոստիկանության կողմից՝ գործող օրենսդրությանը համապատասխան»: Պարզաբանվել է, որ այս պահի դրությամբ մարզի իրավապահ մարմինները ավելի քան 1700 մարդու են տուգանել։




























