Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատավոր նշանակվելու մասին:
«Ինչպես գիտեք, Հայաստանում ամենաշատ քաղբանտարյալներ դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը (հայտնի է «Մացո» մականունով) քիչ առաջ ԲԴԽ-ի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը, հանդիսանալով ԲԴԽ կողմից կազմակերպվող հակակռուպցիոն դատարանների դատավորների մրցույթի ազգային փորձագետ, բացասական եզրակացություն էր տվել Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը:
Ավելին, Հակակոռուպցիոն դատավորի թեկնածուներից Մնացական Մարտիրոսյանը միակն էր, ում բարեվարքության մասին թե՜ մեր ներկայացուցիչը եւ թե՜ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն: Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը բացասական էր գնահատվել նաեւ ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոի կողմից:
Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը:
Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդոյւնքում Հայաստանի Հանրապետությանը նաեւ պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաեւ բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին եւ խաթարել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ։
Եվ հիմա Մնացական մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից եւ հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատությու՞ն իրականացնի: Ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին:
ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետեւանքներ, որոնք այժմ քննարկում ենք գործընկեր-կազմակերպությունների հետ»,- գրել է նա:





























