ՀԱՊԿ երկրների ԱԳՆԽ, ՊՆԽ, ԱԽՔԿ համատեղ նիստի մասնակիցների ստորագրմանը կներկայացվի 24 փաստաթուղթ։ Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Բացելով նիստը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ակնկալում ենք, որ մեզ կհաջողվի կառուցողական եւ մտքերի ազատ փոխանակման հունով վերլուծել եւ գնահատական տալ ընթացիկ իրավիճակին միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում։

Այս համատեքստում կշռադատել հնարավոր վտանգները ՀԱՊԿ անդամ պետությունների համար եւ քննարկել հարցերի բավական լայն շրջանակ։ Օրակարգը բավական հագեցած է, ընդունման ենթակա հարցերի շրջանակը ներառում է ինչպես քաղաքական բնույթի, այնպես էլ պաշտպանական չափման, անվտանգության հարցեր։ Այնուհետեւ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է նիստի մասնակիցներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է օրակարգը։ Նա տեղեկացրել է, որ նիստի մասնակիցներին առաջարկվելու է համաձայնեցնել եւ ստորագրել 24 փաստաթուղթ։ Փաստաթղթերն անցել են նաեւ ներպետական դիտարկման համաձայնեցնող հանձնաժողովի ընթացակարգերը, որն աշխատել է նոյեմբերի 21-ին եւ 22-ին, փաստաթղթերը դիտարկվել են երեկ, ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ։ Ռազմաքաղաքական իրավիճակի մասին առաջարկվել է քննարկել նիստի ընթացքում։