Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի նախապատրաստումն այս պահին գրեթե ավարտված է, մնում է միայն մի քանի խմբագրական փոփոխություններ կատարել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Հայտարարության առիթը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցն էր, ով նախարարին հիշեցրեց այս տարվա փետրվարին արած հայտարարության մասին։
«Այդ պահից ի վեր շատ ամիսներ են անցել, սակայն բարեփոխումների ընդհանուր հայեցակարգ ինչպես չի եղել, այնպես էլ չկա։ Կան միայն ուրվագծային, մանր բարեփոխումներ, եւ անհասկանալի է, թե ինչպես են դրանք աշխատելու նման այլ բարեփոխումների մի ամբողջ ընդհանրության մեջ»,-ասաց պատգամավորը։
Մեկնաբանելով Մանուկյանի փաստարկները՝ Պապիկյանը չհամաձայնեց վերը նշված գնահատականի հետ։ Նա այս բարեփոխումները համարեց կարեւոր եւ կառավարության ծրագրի դրույթներից բխող։
Անդրադառնալով բարեփոխումների ընդհանուր հայեցակարգին՝ նախարարը նշեց, որ հայեցակարգի նախագծին պատգամավորները կարող են ծանոթանալ արդեն այս փուլում։
«Եթե կա ցանկություն, ապա, խնդրեմ, եկեք պաշտպանության նախարարություն, ծանոթացեք նախագծին եւ, ինչու չէ, ներկայացրեք Ձեր առաջարկները, եթե այդպիսիք կան։ Մենք դրանք անպայման կքննարկենք»,-ասաց նախարարը։
Պապիկյանը նաեւ տեղեկացրեց, որ հայեցակարգում ներկայացված են պրոֆեսիոնալ բանակին անցնելու մոտեցումներն ու տեսլականը։





























