«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) բոլոր գործընկերները, համատեղ ընկերությունները միասին, համագործակցության պահից ի վեր մինչև 2022 թվականի 3 եռամսյակը, իրենց գործունեության 3-12 ամիսների համար վճարել են 470 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Բոլոր ծրագրերը նպաստել են մոտ 800 աշխատատեղի ստեղծմանը և պահպանմանը։ Այս տվյալներն այսօր, դեկտեմբերի 12–ին ԱՆԻՖ–ի «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցի ներկայացման ժամանակ հրապարակեց ԱՆԻՖ–ի ֆինանսական պլանավորման և կանխատեսման ղեկավար Ռիմա Բարսեղյանը։
Նա նշեց, որ այս զեկույցը լրացնում է այս տարվա առաջին եռամսյակում ներկայացված ԱՆԻՖ–ի գործունեության վերաբերյալ եռամյա զեկույցը։ «Ազդեցության գնահատական» զեկույցը անդրադառնում է հիմնադրամի գործընկերների, համատեղ ընկերությունների սոցիալական, տնտեսական, բնապահպանական և կառավարչական գործունեության ազդեցությանը մեր հասարակության և տնտեսության վրա։
Ներկայացնելով ընկերությունների գործունեության սոցիալական ազդեցությունը, Ռիմա Բարսեղյանը նշեց, որ ստեղծված աշխատատեղերում կանայք իրենց ներգրավվածությամբ չեն զիջում տղամարդկանց, բոլոր գործընկերները իրենց աշխատողներին վճարում են միջինից բարձր աշխատավարձ։
Խոսելով բնապահպանական վարքագծից, նա ներկայացրեց ծրագրերից ամենախոշորը՝ «ԱՅԳ-1»-ը, որը կնպաստի տարեկան մոտ 150 տոննա ածխածնային արտանետումների արտահանմանը։ Ածխածնային արտանետման կրճատմանը կնպաստի նաև ժամանակակից վառելիքախնայող ինքնաթիռների և բեռնատարների ձեռքբերումը, արևային պանելների տեղադրումը, և այլն։
«ԱՆԻՖ–ն այս տարի դարձել է սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորումի ասոցացված անդամ, և ուրախ կլինենք կիրառել Սանտյագոյի սկզբունքները, ինչի արդյունքում բարելավելու ենք մեր հաշվետվողականությունն ու կառավարումը, ինչպես նաև ակնկալելու ենք նույն բարեփոխումները մեր գործընկերներից», –ասաց նա։
ԱՆԻՖ–ի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ ֆոնդը հիմնադրել է ՀՀ կառավարությունը, հետևաբար պարզապես հաջող ներդրումներն ու համագործակցությունը չեն կարող լիովին ներկայացնել ֆոնդի ստեղծման նպատակները։
«Այս ներդրումային ծրագրերի եկամտաբերության բաղադրիչը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է հիմնադրամի գործունեության գնահատման համար։ Առաջնային է դրանց ազդեցությունը Հայաստանում ներդրումային միջավայրի և ապագային ուղղված ներդրումային մշակույթի վրա», – ասաց նա։
ԱՆԻՖ–ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց, որ «Ազդեցության գնահատական» զեկույցի իմաստը բացերի գնահատումն է։ Նա պարզաբանեց, որ եթե 40 տարի առաջ բիզնեսի պատասխանատվությունը հարկեր վճարելն ու աշխատատեղեր ապահովելն էր, ապա այսօր բիզնեսի և հասարակության փոխհարաբերություններում բիզնեսից ակնկալվում է առաջարկել հասարակությանը համատեղ արժեքներ, և հասարակության վրա բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) առումով թողնել դրական ազդեցություն։
Բայց Հայաստանում, նրա խոսքով, ցավոք, ԲՍԿ մեջ ներդրումը դեռևս ծախս է համարվում, այլ բառերով՝ ճոխություն, իսկ աշխարհում շատ շուտով այլևս չի լինելու մատչելի ֆինանսավորում առանց ԲՍԿ գնահատման։
Դավիթ Փափազյանը ներկայացրեց, որ Քեմբրիջի 2022թվականի համապատասխան զեկույցում Հայաստանը բիզնեսի կայունության ցուցանիշով 66–րդ տեղում է, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ 50 և 51 տեղում համապատասխանաբար։
«Սրա պատճառներից է նաև Հայաստանում տասնամյակների ընթացքում որակյալ միջազգային ներդրումների պակասը։ Գործընկերներն առաջարկել են պակաս բառը, ես կփոխարինեմ հոմանիշով՝ ամբողջական բացակայությունը, որոնք իրենց հետ կբերեն ստանդարտներ։ Մենք պետք է ընդունենք, որ սա խնդիր է, և միասին փորձենք բարելավել բնապահպանական, առողջության, անվտանգության, սոցիալական ազդեցության, կառավարչական և վարչարարական ցուցանիշները։ Սրա համար կարևոր դեր ունեն չափանիշաստեղծ ներդրումները», – ասաց նա, որպես նման օրինակ նշելով ԱՆԻՖ–ի գործընկեր «ՖլայԱրնա» և «Հարդ ռոք կաֆե Երևան» ընկերությունները։
Լրագրողների հետ զրույցում Դավիթ Փափազյանը նշեց, որ ԱՆԻՖ–ի ներդրած յուրաքանչյուր դրամի դիմաց համաներդրողը 11.5 դրամ է ներդրել։ «Այսինքն մեր համեմատաբար համեստ ներդրումը զուգորդվել է 11.5 անգամ ավել ներդրումով գործընկերների կողմից։ Այն աշխատանքը, որ կհամեմատի ԱՆԻՖ–ին աշխարհում գործող ուրիշ ներդրողների հետ, դեռ առջևում է, բայց ինտուիտիվ թվում է, որ թիվը ցածր չէ», – ասաց նա։ Տնօրենը հիշեցրեց, որ մայիսին ներկայացվել է ԱՆԻՖ–ի գործունեության մասին զեկույցը, համաձայն որի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում ներդրվել է 214 մլն ԱՄՆ դոլար։
Դավիթ Փափազյանը նշեց, որ գործընկերների ընտրության հարցում ԲՍԿ մոտեցումները կարևորագույն բաղադրիչներից են, և ժամանակի հետ դառնալու են ամենակարևորը։
Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱՆԻՖ–ը չի հիմնադրվել միայն բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար։ Նախ, ներդրումները վերաբերում են ռազմավարական ոլորտներին, երկրորդ՝ դրանք ՀՀ–ում ձևավորում են նոր չափանիշներ, նոր ներդրումային միջավայր։
Զեկույցի ներկայացմանը հետևեց քննարկում՝ «Բիզնեսի ազդեցության գնահատումն ու բարելավումը» թեմայով, որին մասնակցեցին FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, «ՖլայԱրնա» ընկերության տնօրեն Էնթոնի Փրայսը, ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, «Ֆուդ Ռեփաբլիք» ընկերության գործադիր տնօրեն Արսեն Հովհաննիսյանը, «Էկոֆրեշ մաշրումս» ընկերութան հիմնադիր տնօրեն Տիրան Հակոբյանը։





























