Ուկրաինայում ԱՄՆ-ի նպատակները փոփոխության նշաններ են ցույց տալիս։ Դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարության մեջ նախագահ Ջո Բայդենը վերահաստատել է իր խոստումը՝ «շարունակել աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանը, ներառյալ Ուկրաինային քաղաքական, անվտանգության, մարդասիրական եւ տնտեսական օգնություն տրամադրելն այնքան ժամանակ, որքան հարկավոր է»։ Մեկ շաբաթ անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կրկնել է ամերիկյան մանտրան, այն է՝ «ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի», գրում է The American Conservative-ը։
«Բայց ԱՄՆ-ի նպատակները փոփոխության նշաններ են ցույց տալիս։ Դեկտեմբերի 7-ին Բլինքենն առաջին անգամ առաջարկեց, որ Բայդենի «տարածքային ամբողջականության» խոստման մի մասը կարող է ճկուն կերպով բաց լինել մեկնաբանության համար: Բայդենի վարչակազմը վաղուց արդեն բացառում է Ուկրաինային բանակցությունների սեղանի մոտ մղելու գաղափարը։ Բայց նոյեմբերի սկզբին՝ Մոսկվայի հետ բանակցություններից հետո, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եկավ Կիեւ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելու։ Այս բանակցություններում Սալիվանը բարձրացրեց պատերազմի դիվանագիտական լուծման անհրաժեշտության հարցը եւ մասնավոր կերպով դրդեց Զելենսկուն հայտարարել Ռուսաստանի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին եւ հրաժարվել խաղաղ բանակցություններին չմասնակցելու հայտարարությունից, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը չի հեռացվել իշխանությունից։ Դա առաջին փոփոխությունն էր։ Երկրորդ փոփոխությունը տեղի ունեցավ միայն մի քանի օր անց։ Զելենսկին զիջեց ԱՄՆ-ի մղմանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը «ստիպել Ռուսաստանին իրական խաղաղ բանակցություններ վարել»։ Բայց նա նախադրյալներ սահմանեց բանակցությունների համար, ներառյալ Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, բոլոր ռազմական վնասների փոխհատուցումը, յուրաքանչյուր ռազմական հանցագործի պատիժը եւ երաշխիքները, որ դա այլեւս չի կրկնվի»։ Հրապարակավ ԱՄՆ-ն շարունակում է պնդել, որ ամեն ինչ կախված է Ուկրաինայից՝ «ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի»։ Բայց մասնավոր կերպով ԱՄՆ պաշտոնյաները սկսել են ասել, որ «իրենք կարծում են, որ Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կաջակցի բանակցություններին եւ, ի վերջո, զիջումների կգնա»։ Եվ դա երկրորդ փոփոխությունն էր։ Արեւմտյան պաշտոնյաները սկսեցին փոխզիջում առաջարկել Զելենսկուն։ Նույնիսկ պատերազմից առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին, Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է բանակցել հակամարտությունը կանխելու համար՝ «Չեմ բացառում Դոնբասի հարցով հանրաքվեն, միգուցե, Դոնբասի հարցով, միգուցե, Ղրիմի հարցով»։
Մարտի 8-ին՝ պատերազմի սկսվելուց հետո, նա դեռ բաց էր «Ղրիմում փոխզիջումների» համար։ Այդ ժամանակ Զելենսկին դեռ պատրաստ էր երկխոսություն վարել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների մասին, Դոնեցկի եւ Լուգանսկի, Ղրիմի գրավյալ տարածքների ապագայի մասին։ Թեեւ նա ասել է, որ «չի կարող ընդունել, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք է», նա հավելել է, որ «կարող է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի եւ Դոնբասի ապագան»։
ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից ճնշումից հետո ամեն ինչ փոխվեց։ Ինչպես ցույց են տալիս բանակցությունների համար Զելենսկու նոյեմբերյան նախապայմանները, նա սկսեց պնդել, որ հարկավոր է լիարժեք վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Դոնբասը եւ Ղրիմը։ Նոյեմբերի 15-ին G20-ին ուղղված իր ուղերձում Զելենսկին կրկին պնդեց, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի բոլոր ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքից, եւ որ պետք է լինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության ամբողջական վերականգնում։ Երկրորդ փոփոխությունից հետո ԱՄՆ պաշտոնյաները սկսեցին առաջարկել վերադառնալ փոխզիջումների համար բաց լինելուն։ The Wall Street Journal-ը հայտնում է, որ «քննարկումներին իրազեկ երկու եվրոպացի դիվանագետներ ասել են, որ պարոն Սալիվանը խորհուրդ է տվել պարոն Զելենսկու թիմին սկսել մտածել բանակցությունների իրենց իրատեսական պահանջների եւ առաջնահերթությունների մասին, ներառյալ վերանայել Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի հայտարարված նպատակը»։ Արեւմտյան Եվրոպայի ներկայացուցիչն ասել է. «Մենք ուկրաինացիներին ասում ենք, որ իրենք պետք է որոշեն, թե երբ դա անեն, բայց գուցե լավ կլիներ դա անել ավելի շուտ»։ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները վաղուց պնդում են, որ իրենց նպատակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ պատժել եւ թուլացնել Ռուսաստանին։ Բլինքենը դիմել է միջազգային սկզբունքին, համաձայն որի՝ «պետության սահմաններն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող ուժով փոխվել», եւ հաստատել է Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն անսասան աջակցությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, որոնք տարածվում են մինչեւ նրա տարածքային ջրերը։
Բայց դեկտեմբերի 7-ին Բլինքենը թեթեւակի փոխեց այս հաղորդագրությունը: Նա առաջին անգամ հազիվ լսելի շշուկով ասաց, որ Բայդենի՝ «տարածքային ամբողջականության» մասին խոստման մի մասը կարող է ճկուն կերպով բաց լինել մեկնաբանության համար։ Բլինքենն ակնարկել է, որ ԱՄՆ-ն նեղացրել է իր նպատակները։ «Վերադարձնել գրավյալ տարածքը» խոսքերից հետո նա ավելացրել է՝ «փետրվարի 24-ից»։ Այս լրացումը, ըստ երեւույթին, ենթադրում է, որ երբ բանակցությունները վերջապես սկսվեն, ԱՄՆ-ն կարող է համաձայնել, որ Ռուսաստանը պահպանի ինքնիշխանությունը Ղրիմի եւ նույնիսկ Դոնբասի մասերի նկատմամբ: Դրանից բացի ամեն ինչ կախված է Ուկրաինայից։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Post պարբերականին ասել է, որ «այն, թե որքան հեռու Ուկրաինան կգնա դեպի հարավ եւ արեւելք, Կիեւի ապագա որոշումն է»։ The Post-ը հայտնում է, որ «արեւմտյան որոշ պաշտոնյաներ երեքշաբթի հայտարարել են, որ Ղրիմի եւ Դոնբասի կարգավիճակը պետք է բանակցությունների առարկա դառնա Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հնարավոր բանակցություններում»։ Բրիտանացի պաշտոնյաները հայտնել են «բացարձակ նվազագույնի մասին, որն անհրաժեշտ է Ռուսաստանին՝ ցույց տալու համար, որ նա լուրջ է վերաբերվում բանակցություններին», քանի որ պատրաստակամություն է հայտնել «նահանջել այն դիրքերը, որոնք նա զբաղեցնում էր փետրվարի 23-ին»։ Գերմանիան հայտարարել է, որ կաջակցի ցանկացած կարմիր գծերի, որոնք անցկացնում է Ուկրաինան, սակայն հավելել է, որ «անիրատեսական է համարում ակնկալել, որ ռուսական զորքերն ամբողջությամբ վտարվեն բոլոր գրավյալ տարածքներից, եւ կարծում է, որ Ղրիմի վրա հարձակումը կարող է էսկալացիա դառնալ, որը կարող է Կրեմլին հրահրել զանգվածային ոչնչացման զենք կիրառել»: Սալիվանի նախորդ առաջարկը, որ Զելենսկին սկսի մտածել իրատեսական պահանջների եւ առաջնահերթությունների մասին, ենթադրում է, որ Բլինքենի ավելացումը պատահական չէր։ Եթե դա այդպես է, ապա դա ենթադրում է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն անցնում են կրակի դադարեցման հնարավորության բաց դիրքորոշման, երբ Ռուսաստանը մնում է Ղրիմում եւ Դոնբասի այն տարածքներում, որոնք նա վերահսկում էր մինչեւ պատերազմը՝ հետագայում համաձայնեցված այդ տարածքների վերջնական կարգավիճակով»։





























