ԵՄ առաջնորդները հինգշաբթի հանդիպել են, որպեսզի փորձեն մինչեւ տարեվերջ լուծել մնացած տարաձայնությունները՝ սկսած ԱՄՆ-ի կողմից սուբսիդիաներով սնվող մրցակցությունից իրենց ոլորտները պաշտպանելու ուղիներից մինչեւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ եւ գազի գնի սահմանափակում, հաղորդում է Reuters-ը:

Գագաթաժողովում, որը մռայլվեց Եվրախորհրդարանում անցյալ շաբաթ բռնկված կոռուպցիոն սկանդալից, առաջնորդները նաեւ բախվեցին այն բանին, որ Լեհաստանը ձգձգում է նվազագույն կորպորատիվ հարկի վերաբերյալ գործարքը եւ, որպես հետեւանք, 18 միլիարդ եվրո վարկը Ուկրաինային:

Այն բանից հետո, երբ բելգիական դատախազությունը մեղադրեց հույն եվրախորհրդարանական Եվա Կայլիին եւ եւս երեք մարդու՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Կատարից կաշառք վերցնելու մեջ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռոբերտա Մեցոլան հայտարարեց, որ օրենսդիր մարմինը «չի վաճառվում»:

Այնուհետեւ Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումն անցավ Գնաճի նվազեցման մասին ԱՄՆ օրենքին (IRA) համատեղ պատասխան փնտրելուն։ Օրենքը 430 միլիարդ դոլար արժողությամբ հարկային արտոնություն է սահմանում կանաչ էներգիայի համար:

ԵՄ ավելի աղքատ երկրները ցանկանում են համակարգված արձագանք եւ զգուշացնում են ավելի հարուստ անդամ երկրներին, ինչպիսին Գերմանիան է, չաջակցել արդյունաբերությանը եւ դաշինքի մնացած անդամների հետ համերաշխություն ցուցաբերել:

«Եվրոպայում մենք գտնվում ենք այն փուլում, երբ ապաարդյունաբերականացման վտանգի տակ ենք, եւ այսօր մեր պատասխանն ընդհանուր առմամբ չի ընդունվում,- ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն,- Այսօր մենք տեսնում ենք, որ շատ հաճախ երկրները փորձում են ինքնուրույն սխեմաներ հաստատել»։

Հինգշաբթի օրը որեւէ գործարք չի սպասվում, սակայն առաջնորդները մտադիր են խնդրել ԵՄ գործադիր հանձնաժողովին հաջորդ տարվա սկզբին առաջարկներ ներկայացնել՝ դաշինքի արդյունաբերությունը խթանելու համար:

Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել է թուլացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ մաքուր տեխնոլոգիաների պետական օգնության սահմանափակումները, քանի որ ամերիկյան օրենքը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից անբարեխիղճ մրցակցության:

Այն դեպքում, որբ ԵՄ-ի արձագանքը ԱՄՆ-ի օրենքին կհետաձգվի մինչեւ ավելի ուշ գագաթաժողով, առաջնորդները եւս մեկ քայլ կանեն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փուլը համաձայնեցնելու համար:

Ցանկացած որոշում պահանջում է միաձայնություն, Լեհաստանը եւ Լիտվան զգուշացրել են, որ պարենային անվտանգության առաջարկվող բացառությունները կարող են իրականում օգուտ բերել պարարտանյութերի բիզնեսում աշխատող ռուս օլիգարխներին:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել է, որ կարեւոր է պահպանել ավելի խիստ պատժամիջոցները: «Մեզ մի փոքր անհանգստացնում են պարենային անվտանգության քողի տակ պատժամիջոցները մեղմելու փորձերը»,- ասել է նա:

Ակնկալվում է, որ առաջնորդները մանրամասն բանակցություններ չեն վարի բնական գազի վերին շեմը համաձայնեցնելու ԵՄ-ի պայքարի շուրջ, այլ կխնդրեն իրենց նախարարներին «արագ ավարտին հասցնել» աշխատանքը, երբ նրանք երկուշաբթի օրը կրկին հանդիպեն, ասվում է գագաթաժողովի եզրակացությունների նախագծում:

Լեհաստանն առանձին հետաձգել է ԵՄ-ի կողմից խոշոր ընկերությունների համար նվազագույն կորպորատիվ հարկի պաշտոնական ընդունումը եւ արդյունքում արգելափակել է այլ գործարքների մի ամբողջ փաթեթ, ներառյալ Ուկրաինայի ֆինանսավորումը2023 թվականին:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ասել է, որ իր երկիրը «շանտաժի է ենթարկվում» ԵՄ գործընկերների կողմից, որոնք պնդում են, որ փաթեթն ամբողջությամբ ընդունվի:

Վարշավան վճռականորեն աջակցում է Ուկրաինային տրամադրվող օգնությանը, սակայն հայտարարել է, որ գլոբալ նվազագույն հարկի համաձայնությունը կարող է անբարենպաստ վիճակում դնել ԵՄ երկրներին նրանց նկատմամբ, որոնք դա չեն ընդունում: