Թուրքմենական գազի շուտափույթ մատակարարումներ, որոնց ակնկալիքն ուներ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չեն նախատեսվում։ Այսպիսին են դեկտեմբերի 14-ին Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների առաջին եռակողմ գագաթաժողովի արդյունքները։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ բանակցությունների ընթացքում ստորագրվել է միայն էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր եւ ստեղծվել է աշխատանքային խումբ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնելով Թուրքմենստան, հայտարարել է, որ Բաքվի եւ Աշխաբադի միջեւ երկխոսության առաջնահերթ ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտն է։ «Հուսով եմ, որ թուրքմենական գազը շուտով կսկսի Կասպից ծովով հոսել Թուրքիա»,- ասել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Աշխաբադը «մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս նախագծի նկատմամբ»։

Գագաթաժողովում թուրքմենական կողմը ներկայացրել են նախագահն ու նախկին նախագահ, խորհրդարանի վերին պալատի ղեկավարը՝ Սերդար եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովները։ Թուրքմենստանը մտադիր է զարգացնել եռակողմ համագործակցությունը, հիմնականում ածխաջրածնային ռեսուրսների, էներգետիկայի, էլեկտրաէներգիայի եւ տարանցման ոլորտում։ Գագաթաժողովի արդյունքում, որը տեղի է ունեցել Կոնգրեսում՝ «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտու կենտրոնում, ստորագրվել են միայն մի քանի հուշագրեր՝ առեւտրի, գիտության, կրթության, մշակույթի, մաքսային ծառայության, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների վերաբերյալ։

Ինչպես НГ-ին ասել է Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետ Սերդար Այտակովը, «եռյակի» գագաթաժողովն ավարտվել է առանց այն արդյունքի, ինչի հույս ուներ առնվազն Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Պատկերավոր ասած՝ նա ակնկալում էր գազը Եվրոպա մատակարարելու Թուրքմենստանի պատրաստակամության մասին, իհարկե՝ Թուրքիայի տարածքով, քաղաքական որոշում տանել«Ավազա»-ից։ Ադրբեջանի հետ խնդիրներ չկան։ Որոշումը մնում է Թուրքմենստանին։ «Թուրքիան տարբեր մեխանիզմների շրջանակներում արդյունավետ քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական բնական գազը Հարավային գազային միջանցքով եւ TANAP-ով տեղափոխվում է Եվրոպա։ Թուրքմենստանում բնական գազի հարցում մենք նույնպես պատրաստ ենք համատեղ քայլեր ձեռնարկել հօգուտ երեք երկրների եւ որոշել ենք ստեղծել աշխատանքային խումբ այդ հարցով։ Այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նույնպես անհրաժեշտ շրջանակներ է ստեղծում»,- «Ավազա»-ում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Այսինքն՝ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ Սա վկայում է այն մասին, որ թուրք-ադրբեջանական դաշինքը չի կարողացել թուրքմենական կողմին առաջարկել պայմաններ, որոնք կերաշխավորեն ներդրումների եւ տեխնոլոգիաների ներհոսքը, երաշխիքներ, որ եվրոպացի սպառողները կգնեն թուրքմենական գազը, ընդ որում՝ մեծ ծավալներով եւ գրավիչ գներով։ Իսկ թուրքմենական կողմը չի ցանկացել ստորագրել մի դեկլարատիվ փաստաթուղթ, որը կզրկեր թուրքմենական կողմին քաղաքական նախաձեռնությունից եւ անկախությունից, ընդ որում՝ հօգուտ նախագահ Էրդողանի»,- նշել է փորձագետը։ Գագաթաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։ Բայց դրանում Թյուրքական պետությունների կազմակերպությանը Թուրքմենստանի անդամակցության մասին չի հիշատակվել։