Թուրքիայի իշխանությունը հայտարարել է նվազագույն աշխատավարձը 55 տոկոսով բարձրացնելու մասին՝ կենսական ծախսերի հետ կապված ճգնաժամի եւ ինֆլյացիայի ֆոնին։

Այս քայլը նպատակ ունի մեղմել կենսական ծախսերի ավելացման հետեւանքները, սակայն տնտեսագետները վախենում են, որ դա կհանգեցնի ինֆլյացիայի հետագա աճի: Երկրում ինֆլյացիայի պաշտոնական մակարդակը ներկայումս գտնվում է 24-ամյա բարձր մակարդակի վրա՝ 84,4 տոկոս: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ 2023 թվականից սկսած նվազագույն ամսական աշխատավարձը կհասցվի 8500 լիրայի (455 ԱՄՆ դոլար)։ Թուրք պաշտոնյաների տվյալներով՝ Թուրքիայի աշխատուժի ավելի քան 30 տոկոսը նվազագույն աշխատավարձ է ստանում։

Վերլուծաբաններն ասում են, որ կա նաեւ քաղաքական ասպեկտ՝ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները պետք է կայանան 2023 թվականի հունիսին։

BlueBay Asset Management-ի զարգացող շուկաների գծով ռազմավար Թիմոթի Էշը CNBC-ին ասել է՝ «Ազդեցությունը հավասար է ավելի բարձր ինֆլյացիայի»։

Նոյեմբերին ավելի քան 18 ամսվա ընթացքում առաջին անգամ երկրում ինֆլյացիայի տեմպը դանդաղել է՝ տարեկան կտրվածքով աճելով 84,4 տոկոսով։