Այս տարի Գերմանիայում ապաստան է խնդրել 190 749 մարդ, ինչը 57 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ։ Այս մասին հայտնում է Welt թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական արտաքին կապերի ծառայության գաղտնի զեկույցը։

Նշվում է, որ Եվրամիության երկրների շարքում Գերմանիան առաջատար է ապաստան ստանալու դիմումների քանակով։ Գերմանիային հաջորդում են Ֆրանսիան (115 820 հայտ), Իսպանիան (111 220), Ավստրիան (106 554) եւ Իտալիան (78 897): Ամենաքիչ նման հայտ է ստացել Հունգարիան (43):

Welt-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում ապաստան են խնդրել Սիրիայի (27 տոկոս), Աֆղանստանի (17 տոկոս) եւ Թուրքիայի (10 տոկոս) քաղաքացիներ։

Միաժամանակ, ներկայումս Գերմանիայի տարածքում են գտնվում մոտ 302 000 օտարերկրյա քաղաքացիներ, որոնցից գերմանական իշխանությունները գրավոր պահանջել են հեռանալ երկրից, գրել է թերթը։