ԱՄՆ Օհայո նահանգում ձյունածածկ մայրուղում մոտ 50 ավտոմեքենաներ են բախվել, ինչի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հայտնել է տեղի ոստիկանությունը։
Իրավապահ մարմինները վթարը կապում են «ձմեռային փոթորկի» հետ, որը ԱՄՆ-ի մեծ մասում կտրուկ ցրտի, ձյան տեղումների, ուժեղ քամիների եւ մերկասառույցի պատճառ է դարձել:
«Տեղում գտնվող աշխատակիցները հաստատում են չորս զոհի մասին… առնվազն 46 մեքենայի մասնակցության մասին»,- գրել է նահանգի ոստիկանության պարեկային ծառայությունը Twitter-ում: Ոստիկանները վարորդներին հորդորել են առանց անհրաժեշտության դուրս չգալ ճանապարհներ։
Ընդհանուր առմամբ, վատ եղանակը երկրում խլել է առնվազն 15 մարդու կյանք, հաշվել է CNN հեռուստաալիքը։ Կանզասում եւ Կենտուկիում «ձմեռային փոթորկի» պատճառով ավտովթարների հետեւանքով զոհվել է 3-ական մարդ, Վիսկոնսինում, Թենեսիում եւ Միսուրիում՝ մեկական։ Նյու Յորք նահանգում երկու մարդ է մահացել այն պատճառով, որ բժիշկները չեն կարողացել ժամանակին նրանց տներ հասնել ձնառատ եւ սառցապատ ճանապարհներով։
Շաբաթ օրը չեղարկվել է ավելի քան 1800 ավիաչվերթ։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Դետրոյթի, Չիկագոյի, Մինեապոլիսի եւ Դենվերի օդանավակայաններում։
Poweroutage.us ինտերնետ ռեսուրսի մոնիտորինգի համաձայն՝ ԱՄՆ-ում ավելի քան 1,7 միլիոն սպառող՝ տնային տնտեսություններ եւ ձեռնարկություններ, մնացել են առանց էլեկտրաէներգիայի, առավելապես Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Ֆլորիդայից մինչեւ Մեն:




























