Շաբաթ օրը ոստիկանությունը հոգեբուժարան է տեղափոխել 69-ամյա թոշակառուին, որն ուրբաթ օրը երեք քուրդ է սպանել Փարիզի մշակութային կենտրոնի մոտ, հաղորդում է BFM-ը։

Նա նշել է, որ տղամարդու առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մնալ քննչական մեկուսարանում, ինչի կապակցությամբ կրակողին տեղափոխել են փարիզյան պրեֆեկտուրային կից հոգեբուժարան։

Ինչպես պարզաբանել է BFM-ը, թոշակառուի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է մինչեւ նրա հոգեկան առողջության բարելավումը։

Քաղաքային դատախազությունում ընդգծել են, որ չնայած տղամարդուն բժշկական հաստատություն տեղափոխելուն, հետաքննությունը շարունակվում է։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Դիտավորյալ հանցագործություն» եւ «Բռնություն ծանրացնող հանգամանքներով» հոդվածներով։

Դեկտեմբերի 23-ին ֆրանսիական երկաթուղու նախկին աշխատակիցը, հրաձգության ակումբի անդամը, անկանոն կրակ է բացել քրդական մշակութային կենտրոնի մոտ։ Երեք մարդ զոհվել է, երեքն էլ վիրավորվել։ Հարձակվողին բռնել են հանցագործության վայրում, նա ստացել է միջին ծանրության վնասվածքներ։ Նախնական տեղեկություններով՝ կրակողը զինաթափվել է մինչ ոստիկանների ժամանումը, վարսավիրանոցի աշխատակիցների կողմից, որտեղ նա փորձել է թաքնվել։ Ձերբակալության ժամանակ նա ոստիկաններին հայտարարել է, որ ինքը ռասիստ է։

Նախկինում հարձակվողը բազմիցս խնդիրներ է ունեցել օրենքի հետ։ 2016 թվականին նա դանակով հարվածել էր գողին, որը ներխուժել էր նրա բնակարան։ 2021 թվականին թոշակառուին ձերբակալել էին Փարիզի թաղամասերից մեկում գտնվող վրանային ճամբարում միգրանտների վրա թրով հարձակվելու համար։ Նա նախնական կալանքի տակ է անցկացրել 12 ամիս եւ այս տարվա դեկտեմբերի 12-ին ազատ է արձակվել՝ սպասելով դատաքննությանը։ Միաժամանակ իրավախախտը գտնվել է ոստիկանության հսկողության տակ՝ զենք կրելու միաժամանակյա արգելքով։