Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում են սեպտեմբերի 7-ին Յակ- 42-ի աղետի հանգամանքները, որի արդյունքում զոհվել էին «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի մարզիկները:
Ինչպես պնդում է «В Контакте»-ի օգտվողներից մեկը, НТМ հեռուստաալիքի լրագրողներին հաջողվել է բացահայտել «Լոկոմոտիվի» մարզիկների մահվան պատճառը:
«Ինքնաթիռն օդ է բարձրացել թռիչքուղու կեսից, այդ իսկ պատճառով էլ արագություն եւ անհրաժեշտ բարձրություն չի հավաքել»,- գրում է օգտվողը. «Տունոշնայում մյուս թռիչքուղիները զբաղված են եղել ֆորումի համար ժամանած VIP օդանավերով, իսկ թռիքուղու երկրորդ մասը փակվել է` նախագահ Մեդվեդեւի ինքնաթիռի ժամանումից առաջ: Հույս են դրել օդաչուի վարպետության վրա, սակայն հասկացողներն ասում են, որ դա շատ դժվար մանյովր է` օդանավը բարձրացնել թռիչքուղու կեսից: Կարող է եւ ստացվեր, սակայն դիպչելով ալեհավաքին` ինքնաթիռն անկառավարելի է դարձել», օգտվողի խոսքերն են մեջբերել ռուսաստանյան լրատվամիջոցները:
Միաժամանակ` նախօրեին հետաքննությունը պարզել է Յակ-42-ի աղետի հիմնական պատճառները, ըստ որի դրանք ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն ու այն կառավարելու թերություններն են եղել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-8-ը Յարոսլավլում խոշոր քաղաքական ֆորում է անցկացվել:
Օդանավի աղետի հետեւանքով զոհվել է 43 մարդ: Օդանավում գտնվել են Ռուսաստանի ուժեղագույն` «Լոկոմոտիվ» հոկեյի թիմի մարզիկները: Կենդանի են մնացել միայն հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը եւ ուղեկցող Ալեքսանդր Սիզովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 8-ին աղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր էր հղել Դմիտրի Մեդվեդեւին:




























