Առնվազն 14 մարդ է զոհվել, եւս 24-ը վիրավորվել է այն բանից հետո, երբ Նիգերիայի հարավում Կալաբար նավահանգստային քաղաքում հանրաճանաչ կառնավալի ժամանակ մեքենան մխրճվել է բայքերներին հետեւող ամբոխի մեջ, հայտնում է BBC-ն:

Ականատեսների խոսքով՝ արագությունը գերազանցած վարորդը կորցրել է կառավարումը։

Մեկ ամիս տեւող ամենամյա կառնավալը, որը ներառում է մի քանի միջոցառումներ, շատ հանրահայտ է դարձել 2004 թվականին մեկնարկից հետո:

Աֆրիկայի ամենամեծ փողոցային երեկույթ համարվող միջոցառումը գրավում է տեղացիներին եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին ամբողջ դեկտեմբերի ընթացքում:

Միջադեպը տեղի է ունեցել բայքերների հայտնի շքերթի ժամանակ կառնավալի գլխավոր մայրուղիներից մեկում, որը փակ է եղել տրանսպորտային միջոցների երթեւեկության համար:

Միջոցառմանը մասնակցում են մրցարշավորդներ, այդ թվում՝ ամբողջ երկրից հայտնի մարդիկ, որոնցից ոմանք հագնում են գունագեղ կոստյումներ եւ հնարքներ կատարում:

Ոստիկանությունը հայտնել է, որ հարբած վարորդը, որին ձերբակալել են, կորցրել է կառավարումը եւ մխրճվել ամբոխի մեջ:

Կրոս Ռիվերի նահանգապետ Բեն Այադեն չեղյալ է հայտարարել բայքերների շքերթի մնացած մասը եւ կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել:

Կառնավալի մնացած օրերին նախատեսված մյուս միջոցառումները, որոնք պետք է ավարտվեն Ամանորի նախօրեին հրավառությամբ, չեն չեղարկվել։